Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նույն հանդեսեն կընդօրինակենք նաև գորգ մաքրելու միջոցը, «Թե գորգի մեջ ժողովված փոշին սենյակի օդը կրնա ապականել և առողջության վնասել, հայտնի բան մէ. անոր համար պետք է հաճախ՝ գեթ շաբաթն անգամ մը, լավ մաքրել։ Ասոր մի միակ կերպն է հաջորդը։ Բաց оդո մեջ ազնիվ ավելով մը — մենք աս տեղը ազնիվ ածականը սիրտի հատկացուցած ենք — փոշին թոթվելեն ետև՝ կաղամբի տերևով շփելու է գորգն, որով փոշին բոլորովին կելլե և գույնը կենդանություն կառնու։ Այնուհետ և մեյ մալ կը թոթվվի, որպեսզի կաղամբի կտորվանքը թափի, երթա»։

Տարակույս չկա, թե այն եղանակներուն մեջ, ուր կաղամբ չգտնվիր՝ կաղամբի թուրշիով պետք է շփել գորգը։

Կարելի չէ՞ արդյոք այս միջոցավ մաքրել նաև պարտքեր, եթե ոչ շաբաթը՝ գեթ տարին անգամ մը, որովհետև ոչ նվագ հայտնի բան է, թե պարտքի մեջ ժողվված փոշին ալ սենեկի օդը — տան օդն անգամ — կապականե և առողջության կը վնասե:

Բայց, ի՞նչ գիտնամ, լահանա թուրշուսով պարտք կը վճարվի՞։

Պարտքր թուրշի դնելն ըստ իս ամենեն դյուրին միջոցն պարտք վճարելու։

Եվ պարտքի թուրշին թուրշիներուն լավագույնն է։


Զրույց կը պտըտի, թե կղզիները բանող Նուսխեթիե շոգենավուն փողոցները կաղով պիտի լուսավորվին, որպեսզի ճանբորդները կարենան քալել։ Նույնպես յուրաքանչյուր ճանբորդին պիտի տրվի հիշյալ շոգենավին մեկ տեղագրական քարտեզն, որ պիտի հայտնե, թե ո՛ւր պետք է նստիլ, ո՛ւր պետք է թրջիլ, ո՛ւր պետք է ոտքի վրա մնալ, ուսկից պետք է անցնիլ և ո՛ւր կը գտնվի աթոռ դնելու տեղ։ Նույն քարտեզը որոշ կերպով ցույց պիտի տա նաև հիշյալ շոգենավին լեռները, ձորերը և լիճերը։

Կ՝ըսվի, թե հիշյալ շոգենավն ժամանակավ կովակիր է եղեր Մանշի ծովուն մեջ։


Մրցանա՞կ, թե նվեր։

Ոմանք մրցանակ կ՝ըսեն։