Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բազմահմուտն Գարագաշյան Հ. Տերվիշյանի Հնդևրոպական նախալեզվի վրա դիտողություններն հայտնելով՝ ըսած էր, «Ասոր կըսեն նույնը նույնով հաստատել»։

Բարեկամներես մին, որ զվարճախոս է, լրագրին մեջ այս տողը կարդալով ըսավ.

— Աղեկ ա՛, օմեոբաթիքիի դրության հետևեր է։


Խիկար ևս պատիվ ունի բանալ մրցանակի ասպարեզ մը, և հրավիրել հետևյալներն, որ մրցին իրարու հետ։

Խմբագիրներն՝ ստախոսության ճյուղին մեջ.

Երեսփոխաններն՝ իրարու խոսք չհասկնալու մեջ․

Հոգաբարձություններն՝ դասատվաց ամսականները չվճարելու ճյուղին մեջ․

Գրագետներն՝ անոթության դիմանալու կարողության մեջ.

Լեզվաբաններն՝ հայերեն բառերն իրենց ուզածին պես մեկնելու մեջ.

Կիներն՝ նորաձևություն ստեղծելու մասնագիտության մեջ․

էրիկներն՝ կանանց պճնասիրության ծախուց համբերելու մեջ.

Երկաթուղվո պաշտոնյաներն՝ ճամբորդներու հետ նվաղ քաղաքավարությամբ վարվելու մեջ.

Տպարանապետներն՝ զիրար կործանելու չափ աժան դասագրքեր հրատարակելու մեջ.

Հարուստներն՝ հիվանդանոցի շինության համար իրենց քսակին բերանը գոցելու մեջ.

Պատվելի միսիոնարներն՝ ի դիմաց տիրոջ, գավառաց մեջ քրիստոնյաներն ի քրիստոնեության դարձնելու մեջ.

Փաստաբաններն՝ ճշմարտությունը հալածելու մեջ.

Բժիշկներն՝ հիվանդներ մեռցնելու մեջ.

Բեռնակիրներն՝ անցորդներու գլուխը պատռելու մեջ․

Թրամվայի քոնտյուքթեորներն անցորդները գծեն հեռացնելու համար ուժով հրելու և անոնց քիթը բերանը արյունոտելու մեջ.

Սրճարանապետներն՝ գարիով խահվե եփելու մեջ, և այլն և այլն և այլն:

Մրցանակաց բաշխումը հանդիսավոր կերպով տեղի պիտի ունենա 1888 оգոստոսի վերջը։