Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ելներ կըմբռնեի, թե հարկ էր հայտնել անոր ծերությունը, բայց քանի որ խնդիրը լեզվաքննության վրա է չեմ հասկնար, թե ամուսնության վերաբերյալ կետերն ինչո՞ւ կը շոշափե նախալեզվի հեղինակը։

Հյունքյարպեյենտյանե ետքը ծնած ըլլալուն համար երախտագիտությո՞ւն կը հայտնե արդյոք յուր ծնողաց։


Արժանապատիվ և գերապատիվ հարց առողջության չվնասող քաղաք մը չկրցանք գտնալ տակավին։

Տիգրանակերտի կլիման կը դպչի մեր սուրբ հարց առողջության։

Սուրբ հայրերը Վոսփորի կլիմայեն միայն կախորժին, գավառաց կլիմային հետ հաշտ չեն։

Սուրբ հայրերը կ՛ըսեն․

«Ժողովուրդ, եթե կ՛ուզես որ արածենք զքեզ, Պոլիս եկո՛ւր։ Գավառաց օդը, ջուրը, հացը, միսը կը վնասեն մեզի»։

Ըստ մեզ, կտրուկ միջոց մը կա այս անպատեհությանը առաջքըն առնելու համար։

Գավառաց մեջ առաջնորդություն չընդունող եկեղեցականաց առողջությունն քննել տալ բժշկի մը ձեռամբ և քաջառողջներուն պաշտոն առաջարկել գավառաց մեջ, և չընդունողները պատմել այն պատժով, զոր Հայաստանյայց ուղղափառ եկեղեցին կը տրամադրե։

Այնուհետև սա երկու հոդվածներն ավելցնելու է օրինագրքի մը մեջ եթե ունինք։

Ա․ Գավառաց մեջ առնվազն տասը տարի առաջնորդություն ընողն միայն իրավունք կ՛ստանա եպիսկոպոսանալու։

Բ․ Գավառաց մեջ առնվազն տասնևհինգ տարի առաջնորդություն ընող եպիսկոպոսն կրնա պատրիարքական ընտրելյաց ցանկին մեջ մտնելու։

Սույն երկու հոդվածոց շնորհիվ ոչ միայն գավառներն առանց առաջնորդի կը մնան, այլ նաև ապագային մեջ ավելի բանիբուն և ավելի փորձառու պատրիարքներ տեսնելու բախտը կ՛ունենանք։

Հովիւ քաջ դնէ (եղեր) գանձն իւր ի վերայ ոչխարաց իւրոց, եթե Տիգրանակերտ չգտնվին։