Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անցյալ շաբթու պատիվ ունեցա ներկա գտնվելու աճպարարի մը ձեռնածությանը։

Շիտակը խոսելով յուր խաղերը սովորական բաներ էին։

Օրինակի համար, նախ և առաջ տասնևչորս խաղի թուղթեր ցույց տվտվ հանդիսականաց։ Այս թուղթերն, ըսավ, ժողովո մանդամներն են: Հետո ուրիշ քսան և ութը թուղթեր ցուցնելով հանդիսականաց ըսավ, ահա ձեզի երկպատիկ ընտրելյաց ցանկ մը․ ձեզմե յուրաքանչյուրն ազատ է յուր ընտրած թուղթն առնել և քովը պահել։ Քսան և ութ հանդիսականներ մեկ մեկ թուղթ առին, հետո, ձեռնածուին առաջարկությանը վրա, տարին տեսարանի վրա դրված սեղանի վրա ձգեցին զանոնք։

Քսան և ութը թուղթերը սեղանին վրա նվազելով տասն և չորսի վերածվեցան և այդ տասն և չորս թուղթերն առաջին անգամ ցույց տված թուղթերն էին, որ ժողովո մանդամ էին։

Ա՜խ, ըսի մտքես, մեր ատենապետաց դիվանն ավելի վարպետությամբ կը կատարե այս խաղն, նամանավանդ ոչ թե խաղի թղթերով, այլ խաղի մարդերով։

Այս խաղեն ետքը քանի մը մեճիտիեներ անհայտացուց ձեռացը մեջ և հետո հանդիսականի մը գրպանեն հանեց։

Եթե աղքատի մը, կամ ագահի մը գրպանեն հաներ այդ մեճիտիեներն, այն ատեն միայն ծափահարության արժանի բան մը ըրած կըլլար։


Կանանց ազատագրության գաղափարն օր ըստ օրե կը տարածվի և գուցե քիչ ժամանակի մեջ իրականություն գտնե։

Արդեն Եվրոպիո չգիտեմ ո՛ր կողմը, կանայք արանց հավասար իրավունք վայելելու համար սկսած են էրիկ մարդու հագուստ հագնիլ։

Ըստ մեզ, լավ էր, որ էրիկ մարդիկ կնկան հագուստ հագնեին, սակայն, մեր կարծիքն հեռի է կուսակիցներ ունենալե, որովհետև նույնիսկ մայրաքաղաքիս մեջ տեսանք օրիորդներ, որ սկսած են էրիկ մարդու շապիկ հագնիլ ու փողկապ գործածել։

Այս օրիորդներեն մին անցյալ շաբթու կյուրակե առավոտ մը առանց գիտնալու սիրահարություն կըներ աղջկան մը հետ։