Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրիորդն, որ հազիվ հագած էր էրիկ մարդու շապիկն, կըստիպվի գլուխը սենեկին պատուհանեն դուրս հանել։ Նույն միջոցին փողոց են անցնող աղջիկ մը բարև մը կը թռցնե։ Օրիորդն ալ կարծելով, թե իրեն անծանոթ ծանոթներեն մին կը բարևե զինքն, բարևը կառնե։ Աղջիկը կը ծպտի։ Օրիորդը հարգանքներ կընե նշանացի։ Աղջիկն ուրախ է ասանկ գեղեցիկ սիրահար մայսքան դյուրությամբ գտած ըլլալուն վրա։ Օրիորդը չկրնար հիշել, թե ով է այս աղջիկը։ Աղջիկը նշանացի կիմացնե, թե եկեղեցին կըսպասե իրեն։

Օրիորդը եկեղեցի կերթա և հոն կը տեսնե աղջիկը։ Աղջիկն ամոթահար, չհամարձակիր օրիորդին երեսը նայելու։ Օրիորդը հետաքրքիր է, կուզե գիտնալ, թե ով է այդ աղջիկն, ուստի ժամերգության ավարտում են հետո կը մոտենա աղջկան.

— Արդյոք կրնա՞մ պատիվ ունենալ զձեզ ճանչնալու, կըսե։

— ․ ․ ․

— Ո՞ր ընտանիքեն եք։

— Ներեցե՛ք, ձեր պզտիկ եղբայրը կարծեցի զձեզ։

Քանի մօր ետքը օրիորդին եղբայրը կիմանա եղելությունը և խստիվ կը պատվիրե քրոջը, որ մեյ մալ յուր շապիկները չհագնի։

Ա՜խ, շատ զվարճալի և հետաքրքրաշարժ պիտի ըլլա այն օրն, ուր արք և կանայք էրիկ մարդու կերպարանքով պիտի սիրեն զիրար։ Որչափ դժվարություններ պիտի քաշենք արդյոք էրիկը կնիկեն որոշելու համար, երբ խորհինք, որ նույնիսկ այսօր՝ ուր այրերն ու կիներն հագուստով կը զանազանին իրարմե՝ շատ անգամ չենք կրնար որոշել, թե կնիկն է էրիկն, թե էրիկն է էրիկն։