Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՂԱՆԴՉԵՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուն ալ տեղդ մնաս, դեկտեմբեր։

Դուն ալ առժամանակյա բարի հատկություններ կուտաս մարդոց, հատկություններ, որբ քեզի հետ կը մեկնին, քեզի հետ մեկտեղ նորեն գալու համար։

Դեկտեմբերի վերջերը վաճառատանը պաշտոնյայք գլուխ քեբելու ժամանակ չեն գտներ, կաշխատին նույն իսկ երբ աշխատելու ոչինչ ունենան, կաշխատին բան մը չընելու, եթե նեղը մնան, մեյ մեկ խոզանակ կառնեն և իրենց տիրոջը գլխարկը կավլեն: Մին յուր տիրոջը թիկնոցին վրա շյուղ մը կը գտնե, մյուսն կտոր մը լաթ կը թրջե և տիրոջը բանթալոնին վրա արատ մը սրբել կը ձևացնե. ամենքն ալ էֆենտին շատ կը սիրեն և իրենց սերը կարտահայտեն այլ և այլ պարապ խոսքերով։

— Էֆենտի, կը մսիս կոր, տուն գնա։

— Էֆենտի, ես փոստան կը ղրկեմ, հրամանքդ գնա՛, հանգիստդ նայե... արդեն քիչ մալ հարբուխ եղեր ես։

— Էֆենտի, փոխանակազիրները վաղն առտու կանուխ կը սանձեմ ես, դուք ուշ եկեք, առտուները շատ ցուրտ կընե կոր։

— Ծո՛, Մարտիրոս, սա ֆրչան բեր ու էֆենտիին պոթինը քիչ մը մաքրե, չե՞ս տեսներ, այոլ, ամեն բան ըսելո՞ւ է:

— Էֆենտի, տունը բան մր պիտի առնես նե առնել տայինք։

Ասոր նման հազար ու մեկ խոսքեր, արտահայտությունք ջերմ սիրո, հավատարմության և հարգանաց:

Թղթատարության ցրվիչներն ալ դեկտեմբերի վերջերը մեծ փութաջանություն ցույց կատան, թղթաբերը հասնելուն պես, նամակները կցնդունին և շնչասպառ կը վազեն ցրվելու համար զանոնք և ամեն վաճառականի կըսեն.

— Ամենեն առաջ ձեր նամակները բերի, ես զձեզ ուրիշներու պես չեմ բռներ։