Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չոճուխներուն կաղանդչեք, վարժապետներուն կաղանդչեք, պեքճիին կաղանդչեք, սաքային կաղանդչեք, ժամկոչին կաղանդչեք, խահվեձիին կաղանդչեք, սափրիչին կաղանդչեք, վերջապես բարև տվողին կադանդչեք, փարա չունիս նե ինչ կ՛ընես։

— Ճարելու է, անցյալ տարի ես ալ չունեի, տունեն քանի մը կտոր բան կախեցի կաղանդչեք տվի։

— Երեք ամիսեն վճարելի պզտիկ պոնոներ տամ կըսեմ կոր այս տարի։


— Քուզում Մարտիրոս աղա, քեզի բան մը պիտի աղաչեմ, ամա, չէ չպիտի ըսես։

— Ի՞նչ է նայիմ։

— Ինձի քսան ոսկինոց ոսկիե ժամացույց մը և ոսկիե քորտոն մը տուր, գալ շաբթու փարան կուտամ։

— Սկզբունքիս դեմ է վերեսիեն։

— Ոտքդ պագնեմ... արևդ սիրեմ։

— Կաղաչեմ, ատանկ խոսք չեմ ուզեր։

— Շատ նեղն եմ, թե որ չտաս, տունս տեղս կը փլի... դուն տղեկ մարդ ես։

— Ինչո՞ւ փլչի տունդ:

— Խոսքը մեջերնիս, նշանածիս տամ պիտի, չտամ նե՝ նշանը ետ կ՝ընեն. գիտես ա՛, աս անիծյալ կաղանդը նշանված երիտասարդներու փորձաքարն է, աժան բան մը տարի՞ր մի, փարա չունի, կ՛ըսեն և գործը կավրեն... ճանըմ Մարտիրոս աղա։

— Չեմ կրնար տալ, թե որ երկու օր առաջ գայիր բան մը կրնայի ընել:


— Գարեգին աղա, ձեզի խնդիրք մունիմ։

— Ըսե՛, գլխուս վրա:

— Չպիտի մերժես։

— Ինչո՞ւ մերժեմ։

— Տասն և չորս ոսկի կրնա՞ս տալ ինձի քանի մը օրվան համար:

— Չեմ կրնար տալ։