Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անցյալ շաբաթ քանի մը տղայք մեր Այվազուկը տեսնելով կը հարցնեն․

— Ի՞նչպես եղեր է, որ երկու տողին մեջ չորս սխալ ըրեր ես։

— Սխալմունք մը եղած է, որովհետև մյուս ձեռագիրներուս ամեն մեկ տողին մեջ հինգ վեց սխալ կա։

— Ադ սխալները ի՞նչպես ըրիր, չտեսա՞ր։

— Ձգե՛, Աստվածդ սիրես նե, մութուն գրեցի տե չտեսա։


Երեկ առտու դպրոցի մը աշակերտներեն երեք հոգի Այվազուկին կը ներկայանան։

— Պարոն չարագիր տնօրեն, հրամանքնուդ բան մը պիտի աղաչենք։

— Աղաչեցեք (ո՛ւհ)։

— Ձեր Հեռագիրներեն քանի մը կտոր կուտա՞ք մեզի։

— Ի՞նչ պիտի ընեք։

— Ուղղագրության վարժվելու համար պետք է մեզի, անոր մեջի սխալները կուղղենք, վերջեն վարժապետնուս կը ցցունենք, ան ալ կը սրբագրե։

— Չըսե՞ս, որ իմ հեռագիրներս դպրոցներու կրնան оգտակար ըլլալ։

— Հապա, կ՛ուզեք նե՝ «Վարժություն ուղղագրության» մակագիրով տպել տվեք։

— Շատ կը ցավիմ, որ չունիմ. գիր չունիմ, որ ձեռագիր ունենամ։ Չորս տարվան մեջ անգամ մը, չորս ժամու մեջ չորս սխալով անդորրագիր մը դրեցի, ան ալ Մեղուին քովն է. առեք անիկա, եթե բանի մը կը ծառայե։

— Այո՛, կը ծառայե։

— Ի՞նչ բանի։

— Խնդալու։

Աշակերտները կսկսին խնդալ. Այվազը կասկարմիր կը կտրի, աշակերտները յուհայի կառնեն Այվազուկը. Այվազին դժվարը կուգա, և թաշկինակը աչքերուն կը տանի։

Համբերելու է Այվազ, եթե ծաղրել չգիտես, գոնե ծաղրվիլ սորվե։