Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գինետունե գինետուն կը գլտորին ի ձայն սրնգի և թմբկի, և երբ իրենց դեմը ելնե մարդ մոր գինով չէ, կըսեն.

— Անհավատը կերթա կոր։

Կը խմեն ուրեմն կարմիր գինին, կուտեն կարմիր հավկիթը, կաս կարմիր կը կտրին և ամենուն կը քարոզեն իրենց հետևիլ։

Բարեբախտաբար լսող չկա իրենգ քարոզներուն։


Որո՞ւ քարոզներուն ունկնդիր ըլլալու է։

Չեմ կարող պատասխանել, ոչ ալ կրնամ ուրիշի հանձնարարության վստահելով այս ինչ կամ այն ինչ քարոզիչը ցուցնել։

Այս անգամ քաջ համոզվեցա, թե կան մարդիկ, որ յուղով նկարված ծովային պատկերներու կը նմանին։ Հեռվանց դիտելու է. զանոնք: Միտք ունիմ առաջարկել քանի մը քարոզիչներու, որ հաճին իմ տրամադրությանս տակ դնել իրենք զիրենք, որպեսզի շրջանակներու մեջ անցունեմ զիրենք և գրասենյակիս պատեն կախեմ։ Մեծ արժեք ունին արվեստագիտական տեսակետով, և իրենգ հայրերն պատմության մեջ Ռափայելի, Միշել Անճեյոյի քով կարևոր տեղ մը բռնելու ամեն իրավունք ունին։ Այս ճյուղին մեջ կրնան ազգին փառքն ու պարծանքն ըլլալ, որովհետև կը գերազանցեն առաջին կարգի նկարիչներու գլուխգործոցներն իսկ։

Նպատակ չունիմ ոչ զոք վիրավորելու, մանավանդ թե իրավունք ալ չունիմ, որովհետև ամեն մարդու տվյալ չէ ատենաբան ըլլալ, և ատենաբան չըլլալն ալ հանցանք մը չէ, միայն թե առանց ատենաբան չըլլալու ատենաբանության աթոռին վրա բազմիլն է հանցանքը։ Ուրիշ ազգաց կրոնավորներուն մեջ ալ կան վարդապետներ, եպիսկոպոսներ, որ անկարող են քարոզ խոսելու, բայց ասոնք քարոզ չեն խոսիր, մինչդեռ մեր մեջ երբեմն կը խոսին անոնք, զորս բնությունն սահմանած է մտիկ ընելու, անոնց ձեռքը տրված է գավազան, որոց կռնակը տրվելու էր գավազան, որպես կըսեր ինձ օր մը Տերոյենց պատվելին։

Կրոնական ժողովը նկատողության առնելու է այս կետն և ավաղ շաբթու մեջ մանավանդ քարոզիչներ ղրկելու է մայրաքաղաքիս այլ և այլ թաղերը, նույնիսկ այն թաղերն, ուր կը գտնվին քարոզիչներ, որ քարոզիչ չեն։