Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զատկի առթիվ ունիմ շատ բաներ գրելու, բայց չեմ ուզեր մելան ու թուղթ վատնել, որովհետև կզգամ, թե իրերն պիտի հետևին իրենց բնական ընթացից։

Կը խորհիմ երբեմն դպրոց մը հաստատել Խիկարյան դպրոց անուն, քանի մը աշակերտներ ժողվել և իրենց գործնական երգիծաբանություն սորվեցնել։ Օրինակի համար, երբ տեսնենք, թե քարոզիչ մը պարապ խոսքեր կընե աթոռի վրա բազմած, մեծկակ թակույկ մառնենք և քարոզիչը վար առնելով թակույկը նստեցնենք աթոռին վրա, թակույկին քով կեցնելով գավազանը, քանի մը ապտակ ուտենք և դուրս ելնենք։ Երբ իմանանք, թե այս ինչ թաղականը գանձանակեն կը քաշե յուր զատկական ծախքը, ընկալագիր մը գրենք սապես «Իբրև թաղական իմ բաժինս 150 ղուրուշ ընկալա եկեղեցվո գանձանակեն» և այս ընկալագիրը թաղական խորհրդո ներկայացնենք և վռնտվինք։ Այսպես, գործնական կերպով հարվածենք բոլոր զեղծումներն, զեղծումներն ալ զմեզ գավազանով հարվածեն, թերևս ժողովուրդն օր մը հետաքրքրություն ունենա հարցնելու, թե ինչո՞ւ կը ծեծեք այս մարդիկը, և պատճառները հետազոտելով մեր իրավունքը ճանչնա և սկսի գործել։

Այս Խիկարյան դպրոցը մասամբ շնական դպրոցի պիտի նմանի, բայց շատ արդյունավոր կրնա ըլալ, եթե երկաթյա կամք և ծեծ ուտելու հարմարություն ունեցող աշակերտներե կազմվի։

Մենք միտք ունինք բանալու այս դպրոցը։ Աշակերտ գրվիլ փափագողները կրնան բանիվ բերանո հայտնել մեզ իրենց պայմանները։

Այցետոմս չընդունվիր, որովհետև ծեծի խնդիր կա։