Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այդ չէ, մյուսը քաշե, կըսե պարտապանը։

Դերձակը մյուս դարակն ալ կը քաշե։

— Ատ ալ չէ, տակինը քաշե։

Դերձակը ան ալ կը քաշե։

— Մեջը ի՞նչ կա, կը հարցունե պարտապանը։

— Շատ մը թուղթեր կան, կըսե դերձակը։

— Պարտուց ցանկեր են, քուկինդ ալ մեջը դիր, կըսե պարտապանը և անկողնույն մեջ մյուս կողմը կը դառնա։


Մարդուն մեկը ազգային ժողովո անդամներեն մեկուն հարցուց, թե ինչու բնավ խոսք չէր ուզեր։ Բե՛հ, ըսավ, այնչափ ընկերներ ունիմ, որ կը խոսին մեկ քանիներն ալ մտիկ ընելու են։


Կասքոնիացի մը գիշեր ատեն արթնցնելով, իմաց տվին իրեն, որ հայրը մեռավ։ «Վահ, վաղն առտու արթնանամ նե արդյոք ո՞րչափ պիտի մեղքնամ հայրս» ըսավ և վերմակը վրան քաշելով նորեն քնացավ։


Հարուստ եպիսկոպոսի մը տունը աբբա մը կերթար կուգար անկից կողոպուտի բաժին ուզելու համար։ «Աչվընիդ կողոպուտի վրա է, ըսավ եպիսկոպոսը, մեզի պետք ունեցած ատեննիդ, մեզի բարեկամ կը ձևանաք, բայց անգամ մը հագենալնուդ պես մեզի կը մոռնաք»։— Ամենևին, երբեք զձեզ չպիտի մոռնամ, որովհետև անհագ եմ, պատասխանեց աբբան։


Նոր հարս մը հարսնիքին օրը մտատանջության մեջ երևնալով՝ երբ պատճառը հարցվեցավ իրեն, սա կը մտածեմ, թե ըսավ, այրի մնամ նե՝ որո՞ւ հետ պիտի կարգվիմ։


Երիտասարդ մը կծծի վաշխառուի մը հետ շուտով կատարվելիք գործ մունենալով, դեռ գործերնին չլմնցած հարկ եղավ եկեղեցին մտնեք, ուր վարդապետ մը դիպվածով վաշխին դեմ ազդու քարոզ մը կուտար։ Օրհնյալ ըլլա Աստված, ըսավ երիտասարդը