Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարուստ մը մեռած ժամանակ յուր բոլոր ծառաներուն, բացի յուր տեսուչեն, ունեցած հարստութենեն ժառանգություն կտակեց, և որպեսզի յուր տեսուչը մոռցած ըլլալ չկարծվի յուր կտակարանին մեջ այսպես գրած էր․

«Իմ տեսուչիս բան մը չեմ կտակեր, վասնզի քսան տարիե ի վեր իմ ծառայությանս մեջն է»։


Երեք բան կա, կ՛ըսեր Ֆոնդնեյլ, զորս շատ սիրած եմ, բայց չեմ կարողացած հասու լինել, պատկերահանությունը, երաժշտությունը և կիները։


Տըվոնշիյլ դքսուհին, որ Անգղիո ամենագեղեցիկ կիներեն մին էր, Լոնտրայեն Պայդ երթալով, նավաստի մը կը նշմարե, որ զինքը վերջին ծայր ուշադրությամբ կը դիտեր։ Այս մարդը դքսուհվույն կառք հեծած վայրկենին, կառքին քով կը մոտենա, ձեռքը ծխափայտով մը և կաղաչե դքսուհվույն իրեն ծառայություն մը ընելու, դքսուհին բարությամբ կը հարցնե, թե ինչ բանի կրնա օգտակար ըլլալ իրեն։ «Տիկի՞ն, կը պատասխանե նավաստին, կուզեմ, որ թույլ տաք ծխափայտս ձեր աչաց կայծերեն վառելու»։


Է՛հ, ուրեմն սիրելի բարեկամ, ե՞րբ պիտի վճարես պարտքդ. — Լավ գիտես, որ ժառանգությանս վրա միայն կարող եմ զայն վճարել, և անկեղծորեն խոսելով, չեմ կրնար փափագիլ հորս մահը․— Ինչպես, տակավին ձեր հայրը չմեռավ.— Ո՛չ.— Ես լավ գիտեի, որ հավիտենական հայրը մի է, բայց երկուք է եղեր։


Մարդ մը կըսեր օր մը յուր բարեկամին, «Ինձ միշտ ըսած են թե գավաթ մը գինին մարդս կը զորացնե, ահավասիկ քառասունեն ավելի խմած եմ, չեմ կրնար ոտիցս վրա կայնիլ»։