Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օր մը գյուղի մը քաղաքապետին երեք տարեկան տղա մը կը բերեն, որուն ծնած ժամանակը ծննդկան թվականը արձանագրել տալ մոռցեր էին ծնողքը։ Հազարապետը հավատարիմ յուր սովորական պաշտոնին, զայն այսպես կարձանագրե. Այսօր և այլն և այլն այսինչեն և այնինչեն և վավերացյալ ամուսնութենեն երեք տարեկան տղա մը ծնավ:


Լուդովիկոս ԺԴ մեծ թագավորը հարցուց օր մը Պուալո երևելի բանաստեղծին, թե քանի տարվան ես։ «Տեր արքա, ըսավ բանաստեղծը, ձեզմե տարի մը առաջ աշխարհ եկա, ձեր թագավորության հրաշալի արարվածքը երգելու համար»։ Նույն Պուալոն իր քերթվածներեն մեկը աս թագավորին ընծայելով, թագավորը հրամայեց, որ իր առջև կարդա զանիկա։ Պուալոն երբ կարդալը լմնցուց, թագավորն ընդունեց զանիկա ըսելով, «Շատ աղեկ, ավելի կը գովեի զքեզ, եթե դու զիս պակաս գոված ըլլայիր»։


Հենրիկոս Դ որսի ատեն անտառի մը մեջ մոլորած ըլլալով գեղացիի մը կը հանդիպի ու կաղաչե, որ իրեն ճամբա ցցունե. երթալու ատեննին գյուղացին կը դառնա կըսե,— Պարոն, կ՛երևա թե դու մեր թագավորին զորավարներեն մին ես, կրնա՞ ըլլալ, որ քու շնորհքովդ ես ալ մեյ մը թագավորը տեսնալու արժանի ըլլամ։ — Ինչո՞ւ չէ, կ՛ըսե Հենրիկոս, հիմա երբոր տեղերնիս հասնինք, դու իմ քովես մի՛ հեռանար, և դիտե տես, թե մեզի մոտեցողներեն ով որ գլխարկը վար չառնե ան է թագավորը։ Երբ դղյակը հասան բոլոր պալատականները թագավորին ուշանալուն վրա շփոթած՝ զինքը տեսնելուն պես գլխարկնին ձեռքներին դիմացը վազեցին։ Հենրիկոս դարձավ գյուղացիին, որ գլխարկը գլուխը քովը կեցեր էր ու ըսավ,— Տեսա՞ր ով է թագավորը։ — Ի՞նչ գիտնամ պարոն, կամ դուն ես կամ ես։


Մեկ սկովտիացի և մեկ իրլանտացի մը, որ միևնույն գնդին մեջ զինվոր կին, խոսք կը դնեն մեջերնին, որ երկրորդ օրը ըլլալիք պատերազմին մեջ իրարու օգնեն. Պատերազմը կսկսի, գնդակ մը