Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կուգա սկովտիացիին ոտքը կը տանի, անիկա ընկերը օգնության կը կանչե, իրլանտացին կուգա պանիկա կը վերցնե և ուսին վրա դրած կառնե զինքը կը տանի։ Մեյ մըն ալ ուրիշ գնդակ մալ կուգա վիրավորելույն գլուխն ալ կը տանի։ Իրլանտացին առանց նայելու, իր ճամբան երթալու ատեն բանակին վիրաբույժը կը պատահի ու կը հարցնե, թե ուր կերթաս։— Կերթամ խեղճ ընկերոջս վերքը պատել տալու կըսե։— Անխելք մարդ, աս մարդուն գլուխն ալ գացեր է, չե՞ս տեսներ։— Գլո՞ւխը մի, կըսե իրլանտացին, նայե սա թշվառականը ինձի ըսեր էր թե միայն ոտքը կորսնցուցեր էր։


Սուտ բարեկամներր ճանճերու պես են, որ առտվնե մինչև իրիկուն խոհարանը կը կենան քանի որ ուտելու բան գտնվի, ետքը կը թողուն կերթան:


Բանաստեղծ մը իր դրած ոտանավորները իր մեկ բարեկամին դիմացը երկար բարակ կարդալեն ետքը, դարձավ հարցուց, թե արդյոք որ կտորները ավելի աղեկ երևցան իրեն։ Չկարդացածներդ, ըսավ ու թողուց գնաց։


Ի՞նչ է պատերազմը։

— Խաղ մէ, որ թագավորները կը խաղան, ու ստակը հպատակները կը վճարեն, խաղին տախտակը գավառներն են, քարերը՝ մարդիկ։


Մեծն Աղեքսանդր ամբաստանություն մը լսած ժամանակը ձեռքովը մեկ ականջը կը գոցե եղեր։ Պատճառն որ կը հարցնեն, պատասխան կուտա, թե «Մեկալը ամբաստանվողին կը պահեմ»։


Պիաս անունով հույն փիլիսոփային կը հարցնեն, թե՝ ամենեն վտանգավոր ու վախնալու կենդանին ո՞րն է։

Պատասխան կուտա, թե վայրենի կենդանյաց մեջ բռնավորն է, ընտանիներուն մեջ շողոքորթը։