Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սևինիե տիկինը կըսե եղեր.

Ամենևին չեմ սիրեր այն ժամացույցները, որ րոպե ալ կը ցցունեն, վասնզի անոնք մարդուս կյանքը խիստ մանր կը ջարդեն։


Գեղացի պառավին մեկը քաղաք կերթա, ու ագռավ մը կը գնե։ Կը հարցնե քովինը թե ատ ագռավը ի՞նչ պիտի ընես. «Հոգի՛, կըսե պառավը, էրիկս կը զրուցե, թե ագռավը երեք հարյուր տարի կապրի, պիտի փորձեմ տեսնեմ իրա՞վ է, թե չէ»։


Հենրիկոս Ստեփաննոս անունով հռչակավոր հունագետը կը պատմե. «Դատավոր մը գիտեմ, կըսե, որ ամեն դատաստան մեկ ոճով կը կտրեր։ Թե որ ամբաստանվողը ծեր ըլլար՝ կախեցե՛ք, կըսեր, ով գիտե, ուրիշ ինչ բաներ ալ ըրած է. իսկ թե որ երիտասարդ ըլլար՝ կախեցե՛ք, կըսեր, կախեցե՜ք, չէ նե՝ ո՜վ գիտե, ուրիշ ինչ բաներ ալ պիտի ընե»:


Թեթևսոլիկ մարդուն մեկը հետևյալ տոմսակը կը գրե իր բարեկամներեն մեկուն. «Սիրելի պարոն, ոսկիե տուփս տունդ մոռցա, կը խնդրեմ, որ աս տոմսակը բերողին հանձնես ու ինձի ղրկես»։

Տոմսակը գոցելու ատենք տուփը կը գտնե ու հետ գրության կընե այսպես.

«Տուփս գտա, մի՛ աշխատիր փնտրելու»։ Ետքը տոմսակը կը կնքե ու կը ղրկե։


Գաղղիացի իշխանին մեկը, որ կարմիր մորուք ունի եղեր, օր մը Հենրիկոս Դ թագավորին առջևը կատակի համար կը հարցներ իր պարտիզպանին (որ քարձ է եղեր բոլորովին) թե դուն ինչո՛ւ մորուք չունիս։

— Պարոն, կ՛ըսե պարտիզպանը, Աստված ամենաբարին մարդկանց մորուք բաժնելու ատենը ես ուշ մնացի, ու կարմիր ուքներեն զատ մորուք չէր մնացած, ես ալ ըսի, թե. Աստվա՛ծ, ա՛լ աղեկ է, որ ամենևին մորուք չունենամ, քան թե կարմիր մորուքի տեր ըլլամ։