Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՂՎԱԾՔ

< 2 >

— Տասն և ութ տարեկան աղջիկներն ավելի կը փափագին ամուսին մը ունենալ քան թե սիրահար մը․ բայց հիմա այնպես կը հագվին, որ իրենց չափազանց զարդարանքը սիրահարներ կը հրավիրե և ամուսինները կը հեռացնե։

— Սերը լուսնո կը նմանի, երբ որ չաճիր կը նվազի։

— Անտարբեր ապրող մարդը դեռ իր սիրելիք կինը տեսած չէ։

— Նախանձը միշտ սիրո հետ կ՛սկսի, բայց անոր հետ չվերջանար։

— Սիրուհիե մը քաշվիլը շատ անգամ զանի ձեռք ձգելեն ավելի դժվար է։

— Սերը հիվանդություն մէ, որուն բժիշկը նույն իսկ ինքն է։

— Ծաղկի հիվանդությունը կանանց Վաթերլոյի պատերազմն է․ հետևյալ օրը զիրենք իրոք սիրողները միայն կը ճանչեն։

— Պզտիկ աղջիկները պաճուճապատանքով կը խաբվին, մեծերն ալ երդումով։

— Հարսանիքե առաջ եղած սերն անվերջ գրքի մը սկիզբը դրված համառոտ հառաջաբանի մը կը նմանի։

— Կնոջ մը արժանիքը գեղեցկության ճառագայթով մը լուսավորվելու պետք ունի։

— Չար կնոջ մը ամենեն ավելի վնասակար անդամը լեզուն է։

— Ամուսինը սպեղանի մէ, որ աղջկանց բոլոր ցավերը կը բժշկե:

— Սերը շատ անգամ ամենեն ճարպիկ մարդը խենդ կընե և ամենեն խենդն ալ ճարպիկ կ՛ընե։

— Որչափ ալ կանանց և ամուսնության վրա ուզածնիս ըսենք՝ դարձյալ երկուքեն ալ չենք կրնար զատվիլ։