Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ամուսնութենե հաճույք չզգացողներու համար ամուսնությունը մի միայն վիշտ կը հայթայթե։

— Հասկերու պես աղջկանց դեղնիլ սկսած ժամանակը ճիշտ հունձքի ատենն է։

— Կանանց ամենեն մեծ թշնամիները կիներն են։

— Տասնևհինգ տարեկան մեկու մը համար պարը զբոսանք մէ, քսան և հինգ տարեկանի մը համար պատրվակ մը, իսկ քառասուն տարեկանի մը համար նեղություն մը։

— Սիրո մեջ սիրուն պակասություններով ավելի հաճո կերեվի մարդ, քան իրական հատկություններով։ Մեծ առաքինություններն ոսկիե դրամներ են, որոնք մանր դրամներեն քիչ կը գործածվին:

— Կանանց մեզի ըրած բոլոր չարիքները մեզմե են, բայց մեզի ըրած բոլոր բարիքներն ալ իրենցմե են։

— Կանանց երդումը հողմերու և ծովերու վրա գրելու է։

— Կատակերգության մեջ անցքերը ամուսնությամբ կը վերջանան, իսկ ընկերության մեջ անով կսկսին։

— Կանայք էրիկ մարդոցմե ավելի անգութ են ուրիշներու սխալանացը համար։

— Կինը անկատար արու մէ։

— Աստված անոր համար կինը ստեղծած է, որպեսզի էրիկ մարդը խիստ մեծ գործ չկարենա ընել։

— Կինը շատ սիրողներուն արվելիք պատիժը միշտ զանի սիրելնին է։

— Երիտասարդության ժամանակ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ ապրելու համար կը սիրենք։

— Ամենեն մաքուր առաքինությունն անգամ ոսկիի պես է, առանց խառնուրդի չկրնար ըլլալ։

— Ամենեն առաքինի կինը ամեն են քիչ խոսվածն է։

— Վրեժ առնել կրնալու համար կին ըլլալու է։

— Կիներն աշխարհիս մեջ ամենեն բարի և ամենեն չար բաներ են. իրենց սիրածնուն համար հրեշտակ, իսկ չսիրածնուն համար ճշմարիտ սատանաներ են։

— Կանանց հանձնապաստությունը շատ անգամ արանց համբերությամբն է որ կընկճի։

— Աղջիկ մը պետք է, որ իր հորը հնազանդի՝ կուզե նե կապիկ մ իրեն ամուսին տա։