Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սիրո մեջ փոփոխամտությունը եթե հաճույք կը պատճառե, հարատևությունը միայն երջանկություն կրնա հայթայթել։

— Սիրուհի մը ամենեն շատ կը սիրվի, կինն՝ ամենեն աղեկ, հայրը՝ միշտ։

— Տասն և ութ տարեկան հասակին մեջ մարդ կը հրապուրի, քսան տարեկան եղած ատեն կը սիրե, երեսունևվեցին մեջ կը փափագիք իսկ քառասունին կը մտածե։

— Մարդուն մեկը Թեմիստոկղես փիլիսոփային հարցուց, թե՝ որո՞ւ ավելի կհուզեր տալ յուր աղջիկը, հարուստ չեղող պարկեշտ մարդո՞ւ մը՝ չէ նե հարուստ մարդու մը։ — Ավելի կսիրեմ, պատասխանեց փիլիսոփայն, ստակ չունեցող մարդը, քան մարդ չունեցող ստակը։

— Սիրո գաղտնյաց վրա առանձին խոսակցիլը վառոդով լի տակառի մը վրա կրակով խաղալ ըսել է։

— Սերը ծաղկի հիվանդության պես՝ որչափ որ ուշ գա, այնչափ ավելի վտանգավոր կըլլա։

— Սիրուհվո վրա խոսող ծեր մը ակնոց դնող կույրեն ավելի խենդ է։

— Մեկու մը միայն միտում ունենալը սեր կը կոչվի, իսկ շատերուն ունենալը մոլություն։

— Կանայք զիրենք շողոքորթող ստություն մը ի մի ումպ կուլ կուտան, բայց դառն եկող ճշմարտություն մը կաթիլ կաթիլ կը խմեն։

— Երբ որ կիները չկարենան վրեժնին լուծել, աղոց պես կընեն, կուլան։

— Զարդարանքնուն շատ խնամք տանող կիներն առաքինությունը քիչ կը մտածեն։

— Մարդուս ամենեն մեծ հաճույքն իր սիրած անձին հաճույք պատճառել է։

— Բոլոր աղջիկներն ալ խենդ կըլլան ամուսնանալու համար և շատ էրիկ մարդեր ալ կը խենդենան ամուսնացած ըլլալնուն համար։

— Ամուսնութենե առաջ զիրար ամենեն շատ սիրողներն ամուսնանալն ետք ամենեն քիչ զիրար կը սիրեն։

— Ծերության երջանկությունը կամ թշվառությունը գամ մեր անցյալ կենաց հյութն է։