Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կանանց քով երիտասարդներն ամչկոտ հարուստներ են, իսկ ծերերը լկտի աղքատներ։

— Ծերերն երիտասարդության ավելի մոլությանց կը ցանկան, քան թե առաքինությանը։

— Երիտասարդ մը հարուստ է ապագան երազելով, իսկ ծերն աղքատ է անցյալին վրա ցավելով։

— Մեր սիրած անձին պատկերը շուքի պես է, միշտ հետերնիս կուգա։

— Մարած սերը կրնա նորեն բռնկիլ, բայց հատած սերն երբեք։

— Կենաց, ինչպես նաև շրջագայության մեջ, կին մը իրմե քիչ մը մեծ մարդու մը կռթնելու է։

— Սիրո հետ կատակ ընող կանայք դանակի հետ խաղացող տղոց կը նմանին, միշտ իրենց կը վնասեն։

— Շատ բաներե կարմրող աղջիկ մը շատ բան գիտե։

— Ամուսնության կապն երբեմն այնչափ կը սեղմվի, որ միացուցած անձերը կը վիրավորե։

— Եթե կնոջ մը չարիք հասցնել կհուզես, թող որ ուզածն ընե։

— Սերը շատ անգամ մաքուր սրտերը կապականե, բայց երբեմն ալ ապականյալները կը մաքրե։

— Կին մը ավելի սիրածեն վախնալու է, քան թե ատածեն։

— Սիրո մեջ ապառնին անցյալը մոռցնել կուտա։

— Կանայք ատելության մեջ ավելի հաստատամիտ են, քան թե սիրո մեջ։

— Սիրելու սովորությունը դյուրավ կստացվի, բայց խիստ դժվարավ կը ձգվի։

— Կանանց կյանքը երկարատև հիվանդություն մԷ։

— Երբ որ կին մը սկսի ուրիշ կնոջ մը հետ բարեկամանալ, ծերության նշան է։

— Երկու կնոջ բարեկամությունը շատ անգամ երրորդի մը դեմ դավաճանություն մԷ։

— Սիրելը՝ մեր չունեցած երջանկությունը ուրիշեն խնդրել է։

— Ամենեն պարկեշտ կնոջ հաճո թված ձայնը զինքը գովողն է։

— Բնության մեջ ծեր սիրահարի մը պես ծաղրելի բան չկա։

— Սերը զգացումներու մեջեն ամենեն կանխահարույցն է։

— Կիներն ուսյալ ըլլալու են, բայց ո՛չ գիտուն։

— Մեկեն ի մեկ ծնող սերը ամենեն ուշ կանհետանա։

— Կանանց տրված հարգն ընկերական կենաց մեջ ազգի մը հառաջադիմության չափն է։