Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սեր պչրուհի մը ո՛չ վաստկած տարիքը կըսե, ո՛չ ալ կորսնցուցած ակռաները։

— Սերը՝ բոլոր դաստիարակներու մեջեն իր աշակերտներն ամենեն ավելի հառաջ տանողն է։

— Սերը՝ տարվույն կը նմանի, ամենեն գեղեցիկ եղանակը գարունն է:

— Ամոթխածությունն առաքինության ամենեն մերձավոր ազգականն է։

— Սերը բռնավոր մէ, և ոչ մեկուն կը խնայե։

— Կնոջ վրա ամոթխածությունն ու պարկեշտությունն չեն կրնար իրարմե դատվիլ։ Երբ որ մեկն երթա, մյուսն ալ անոր կը հետևի։

— Մարդս իր ցույց տված հատկություններովը կրնա սրտեր գրավել, բայց իր ունեցած հատկություններովը միայն կրնա զանոնք հաստատ պահել։

— Իր առաքինության վրա շատ վստահող կինը միշտ զայն կորսնցնելու վտանգին մեջն է։

— Աշխատիլը՝ սիրո աղեղն ու նետերը կորզել է:

— Սերը՝ հիվանդություն մէ, որ երեք եղանակ ունի, փափագ, ստացումն, հագեցումն։

— Սիրած ժամանակ չսիրվիլը սոսկալի դժբախտություն մէ, բայց չսիրած ժամանակ սիրվիլը խիստ մեծ երջանկություն։

— Տերերն ալ սիրուհիներու պես են, ինչ ծառայություն որ ալ ըրած ըլլաս իրենց, հաճո երևալե դադրելուց պես քեզ չեն հարգեր։

— Ով որ կը կարգվի, զղջալու ճամբուն մտած է։

— Սիրո, ինչպես նաև տարիքի ծերության մեջ, մարդ կապրի թշվառությանց համար, բայց ո՛չ հաճոյից համար։

— Խոհեմությունն ու սերն իրարու հետ չեն կրնար միանալ։

— Սերը մարդուս սրտին ամենեն ազնիվ զգացումն է, վասնզի երջանկություն գտնելու համար պետք է, որ իր զգացածին չափ ալ ուրիշին հաղորդե։


— Ահա կանանց բնավորությունը կըսե Դերանս, ինչ որ կուզես չեն ուզեր, ինչ որ չես ուզեր՝ կուզեն[1]։

  1. Ինչ որ ազգին օգուտը կուզե, քաղաքական ժողովը չուզեր, ինչ որ ազգին օգուտը չուզեր՝ քաղաքական ժողովը կուզե։ Ծան. Հեղինակի: