Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սերն ալ անձնասիրության կը նմանի, քիչով գոհ կըլլա, բայց ամեն բանի կը ցանկա։

— Սիրո շատ մը գործերն ալ լուցկի զարնելու կը նմանին, հարատևությամբ միայն կարելի է հաջողիլ. շատ անգամ ալ հուսահատության վայրկյանին մեջ կը հաջողին։

— Կանանց հանդգնությունը շատ անգամ արանց համբերության դեմ է որ կը կոտրի։

— Միշտ յուր սիրահարին վրա խոսող կինը խոհեմ չէ, իսկ բնավ չխոսողն ալ ճարպիկ չէ։

— Սիրո մեջ մեծ հաճույքները մեծ ցավերու խիստ մոտ են:

— Պարկեշտ կնոջ մը սիրտը սրահ մէ, ուր մտնելը արգիլյալ է առանց անդրասենյակը սպասելու։

— Սիրո մեջ ավելի կը հաջողին անոնք, որ սիրահար ըլլալ կը կեղծեն, քան թե անոնք, որք ճշմարտիվ սիրահար են։

— Երկու սեռին մեջ անհավատարմության տարբերությունը այնչափ իրական է, որ կրքոտ կին մը անհավատարմություն մը կրնա ներել, որն որ մարդու մը անկարելի է։

— Կնոջ մը սեթևեթը սեղան մէ անծանոթ չաստվածոց։

— Նախանձոտության մեջ ավելի անձնասիրություն կա, քան թե սեր։

— Կնոջ մը յուր տգեղ ըլլալը գիտնալը այնչափ դժվար է, որչափ յուր գեղեցիկ ըլլալը չգիտնալը։

— Մեծ քաղաքաց մեջ անմեղությունը մոլության վերջին ճաշն է։

— Կին մը երբեք մարդու մը համար ապերախտ է ըսելու չէ, որովհետև ասով իմացուցած կըլլա, թե ինքն է զայն ապերախտ ըլլալու կարող ընողը։

— Նախանձոտը ներողամտության արժանի են, որովհետև իրենք այնչափ կը վշտագնին, որչափ չեն վշտացներ։

— Տգեղ կնոջ մը խրատ մը միայն կա տալու, թո՛ղ հոգվույդ գեղեցկությունը դեմքիդ տգեղությունը ջնջե։

— Կնոջ մը՝ միայն զինքը սիրել երգվելե առաջ, պետք է կամ բոլոր կիները տեսած ըլլալ կամ միայն զայն տեսնել։

— Ամուսինը, սիրահարն անգամ գեղեցկության քուլիսներուն մեջ մեքենագործ մը, հուշարար մեն, այն որու համար կը խաղացվի խաղը, հանդիսականաց մեջն է։