Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շոգենավը։

— Ինչո՞ւ։

— Հապա առջի օրը կամուրջեն նստա Քապաթաշ ելնելու համար, շոգենավը սուրու չեշմե տարավ։

— Ան օրը ծովը կատղած էր և չկրցավ մյուս նավամատույցներուն մոտենալ։

Ամեն անգամ շոգենավը ուզած տեղերնուդ կը ձգեր ձեզի, տարին անգամ մալ իր ուզած տեղը ձգեր է նե մե՞ծ բան է մի։


Մանզումեի մեջ Ութուճյան ստորագրությամբ «Արեգակնային՛ դրություն» վերնագրով հոդված մը կը կարդանք։

Սույն հողվածին հառաջաբանը այսպես կսկսի.

«Երբ գլուխնիս վեր վերցնենք՝ երկնից երեսը աստղեր կը տեսնենք, որ մոլորելնուն համար մոլորակ կըսենք, ևայլն»։

Վերջաբանն ալ սա է.

«Եւ արար Աստուած զմարդ ի պատկերի իւրում»։

Մարդուս Աստուծո պատկեր կրելը՝ արեգակնային դրություն է եղեր։

Ավելորդ է ըսել, որ մարդուս աստղերե ունեցած հեռավորությանը չափ հեռու է սույն հոդվածին վերջաբանը հառաջաբանեն։

Հառաջաբանը երկրիս երեսն է, վերջաբանն ալ երկրիս վրա։ Միացուր սըվոնք տեսնենք, ո՜վ մոլորակդ Մանզումեի երկնից։


Վարժապետ․ — Ծո՛, Կարապետ, անանկ գոյական անուն մը գտիր ինձի, որ մինակ երևակայությանս մեջ գոյություն ունենա։

— Գտա՛, վարժապետ։

— Ի՞նչ է։

— Ստակ։

— Վա՛յ թշվառական, ուսկի՞ց գտար ատիկա։

— Մկրտիչին տերեկին մեջ գտա, վարժապե՛տ։


Առաջի օրը թրամվեյի առջև են վազողներուն մեկուն ոտքը սահելով՝ մազ մնաց, որ թրամվեյին տակը պիտի մնար: