Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վաթսուն տարիքին մեջ քսանհինգ տարեկան աղջկան մը հետ կարգվիլը նմանիլ է այն տգետներուն, որք գիրք ծախու կ՛առնեն միմիայն իրենց բարեկամաց ցցունելու համար։


Մարդիկ հարգածնին չեն սիրեր միշտ, կանայք ընդհակառակն, միայն սիրածնին կը հարգեն։


Այն կնիկները, որ ամուսնության մեջ կը ձանձրանան, կը նմանին բանտերուն մեջ ձանձրացող ճնճղուկներուն, որք վանդակը բացվելուն պես կը փախչին։


Մարդս սիրվելու համար կը սիրե, սիրվելու հույսը կորսվելուն պես սերը կը թռի, եթե սերը հույսով կ՛ապրի, անով ալ կը կորսվի։


Չկա գերի մը, որ սիրո գերիին չափ տանջվի։


Քսան տարու, գեղեցկադեմ և թարմ կին մը որչափ ալ հիմար ըլլա, շատ հաղթանակներ կը տանի, բայց չկրնար զանոնք պահել, երեսուն տարու, նվազ գեղեցիկ և խելացի կին մը քիլ հաղթանակներ կը տանի, բայց յուր հաղթանակները ավելի երկարատև են։


Նոր ամուսնացած մարդոց շատերը երջանկությունը լեղի դեղի մը պես կը գործածեն՝ ամենը մեկեն կուլ կուտան առանց ճաշակելու։


Աստված յուր կանխատեսությամբը կանանց մորուս չտվավ, որովհետև չպիտի կրնային լուռ կենալ ածիլված ատեննին։