Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսանելի հրապույր ունեցող կնիկները գաղտնի առաքինություն ունեցող կնիկներեն վերադասելի են։


Լավ է կնկան մը բոպիկ ոտքը համբուրել, քան թե Պապին հողաթափը։


Պաղ կնիկ մը առանց կրակի վառարանի կը նմանի։


Կնկան մը աղեկ հագված չըլլալը և ուրիշներուն աղվոր հագուստներ ունենալն անոր մոռցնել տալու ամենեն դյուրին միջոցը իր հագուստը հանել տալն է։


Հոռի կնիկե մը առաջնորդվիլը հոռի ձի մը առաջնորդելու չափ վտանգավոր է։


Առիթը պտուղի կը նմանի, հասուննալուն պես փրցնելու է. անգամ մը որ ծառեն վար իյնա նե նորեն չկրնար փակցվիլ։


Սիրահարներն անբացատրելի հաճույք կզգան մինչև անգամ այն անհանգստությանը մեջ, որք մտատանջություն կը պատճառեն, և ասոր համար է, որ սիրո վրա խոսած ատեննին կըսեն, թե մյուս հաճույքները սիրո վիշտերն անգամ չեն արժեր։


Այն կնիկները, որոնք ամենեն ավելի սիրո հաճույքներն արհամարհել կը ձևացունեն, կը նմանին այն տղայոց, որք կըսեն, թե շաքարեղեն չեն սիրեր և մեծ մեծ պատառներ մեկեն բերաննին կը նետեն եթե պատահի իրենց գաղտնաբար շաքարեղեն ուտել։