Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաճելի ըլլալու արվեստը կանանց համար այն արվեստներեն է, զորս գեղեցիկները առանց սորվելու կը գիտնան, իսկ տգեղներն երկար ատեն սորվելե և անոր աշակերտություն ընելե ետքը միայն կրնան գիտնալ։


Քծնող կինն յուր պարկեշտությանն վրա կը պարծի՝ ինչպես վախկոտ կին մը յուր քաջության վրա։


— Ամենաբարձր հանճարը և հատկությունը նվազ ընկերական են, որովհետև ոսկի գավազանով վաճառանոց չերթցվիր, այլ ստակով, կամ մանր մունր դրամով։

— Ինչպես որ շատ զորք ունեցող հրամանատար մը քաջ չհամարվիր, նույնպես ալ ճոխ գաղափարներ ունեցող մարդ մը խելացի չհամարվիր։

— Այն, որ ընտրողություն և անձին չափավորություն ունի, բավե՝ իրեն քիչ գրքերով գրքատուն մը, քիչ դեղերով դեղարան մը, քիչ խորտիկներով սեղան մը և քիչ բարեկամներով ընկերություն մը։

— Կեղծավորները երբեք Աստուծո չեն ծառայեր, բայց զմարդիկ խաբելու համար աստվածավախ կը ձևանան։

— Հիմարը կը խորհի, բայց միշտ յուր գործած հիմարութենեն վերջը։

— Բարեգործություն մը գեղեցիկ ձեռագործե մը լավ կարժե։

— Ագահը ամեն բանե զրկված աղքատ մ՝Է([1]

— Տգետը միշտ հարստության պետք ունի յուր ծերության մեջ. իսկ ուսյալը՝ երբեք։

— Գիտունի մը և խելացիի մը մեջ եղած տարբերությունը այն Է, որ գիտունը կը ճանչնա և խելացին կը գործե։

— Ագահը հացագործի խանութին մեջ անոթութենե մեռնող մարդու կը նմանի։

— Աշխատե առավոտուն, որպեսզի ցորեկվան տոթին հանգչիս, նույնպես երիտասարդությանդ ատեն, որ ծերությանդ մեջ հանգիստ կյանք վայելես։

  1. Հազար անգամ ալ ըսած եմ, որո՞ւ կը հասկցնես։ Ծան․ հեղինակի։