Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Որդվո մը, հատկությունները յուր հորը հատկությունները կը հարատևեն։

— Դու որ չես կրնար գաղտնիքդ պահել, հապա ինչո՞ւ կը բարկանաս ուրիշի մը զայն երևան հանելուն վրա։

— Տգեղ կանանց պես հիմարներ ալ կան, որ որչափ զարդարվին այնչափ անհաճո կըլլան, ուստի բանաստեղծ մը շատ իրավամբ ըսած է սա հետևյալը, «Գիտուն հիմար մը տգետ հիմարե մը ավելի անմիտ է»։


— Առանց փականքի արկղ մը իր մեջ ստակ չըլլալու նշան է, նույնպես ալ միշտ բաց բերան մը՝ ուղեղի պարապության։

— Գաղտնիք մը նոր գինվո կը նմանի, որ միշտ դուրս պոռթկալ կուզե։

— Առանց խելքի գեղեցկություն մը այնպիսի կաըթ մէ, որ թեպետև սիրտերը իրեն կը գրավե, բայց զանոնք չկրնար բռնել։

— Գիտությունները ժամացույցի կը նմանին, զայն բանեցնելու համար միշտ լարել պետք է։

— Անխորհրդապահ մարդուն սիրտը բաց գիրք մէ, ուր ամեն ոք կրնա ուզածին չափ կարդալ, իսկ խորհրդապահ մարդուն սիրտը գոց գիրք մէ, ուր ոչ ոք կրնա կարդալ։

— Ծնունդը մեր ցավոց սկիզբն է, իսկ մահը ցավոց վերջն է։

— Երիտասարդ անձինք երջանիկ են, վասնզի ապագան կը տեսնեն, իսկ ծերերը թշվառ, վասն զի անցյալը կը տեսնեն։

— Տղայությունը երջանկություն է, վասնզի քիչ բան գիտե, իսկ ծերությունը թշվառություն է, վասնզի շատ բան գիտե։

— Պետք է սիրենք անաչառ թշնամիները, իսկ պետք է ատենք արգահատող բարեկամները։

— Աղքատը սնունդ չունենալուն համար միշտ հիվանդ է, իսկ հարուստն ալ շատ սնունդ ունենալուն համար միշտ հիվանդ է։

— Դատարկության ճշմարիտ պատիժը չքավորությունն է, իսկ աշխատության ճշմարիտ վարձքը՝ հարստությունն է։

— Հիշե՛ միշտ ընդունած բարությունդ, իսկ մոռցի՜ր ըրած բարությունդ։

— Այն, որ ծուլություն կը սերմանե՝ սով կը քաղե, իսկ այն, որ աշխատություն կը սերմանե՝ առատություն կը քաղե։