Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հույն երիտասարդին մեկը, որ նոր Իզմիրեն կամ Միտիլլիեն եկած ու նավակով Ղալաթիա ելած էր, մեկուն կը հարցներ.

— Ոստիկանության դուռը ո՞ր կողմն է։

— Այս կողմերը չէ։

— Ո՞ւր է, ուրեմն։

— Հիմա անպատճառ գիանալ կուզեք։

— Այո՛, հիմա, անցագրի համար է։

— Կ՝ուզե՞ս, որ շուտ մը գտնաս ոստիկանության դուռը։

— Անշուշտ։

— Շատ աղեկ. սա կողմեն դարձի՛ր ու սա փողոցը մտիր։

— Շատ աղեկ. վերջը։

— Խանութ մը կա, որուն մեջ արծաթեղեններ ու ոսկեղեններ կան, կը տեսնա՞ս կոր այս խանութը։

— Այո՝ ե՞տքը։

— Ներս կը մտնաս։

— Ե՞տքը։

— Արծաթյա բաժակ մը, կամ ոսկյա ժամացույց մը, կամ ձեռքդ ինչ որ հանդիպի նե կ՝առնես։

— Ե՞տքը։

— Ոսկերչի կնիկն կ՝սկսի պոռալ «Բռնեցե՜ք գողը», ոսկերիչն ու մարդիկը քեզ կը բռնեն, դրացիները կը վազեն, զապթիեները կուզան, ու քեզի քանի մը քայլ անդին տեղ մը կը տանին։

— Ե՞տքը։

— Ե՞տքը, հանդարտ եղիր, որ քանի մը վայրկյանեն ինքզինքդ ոստիկանության դուռը կը գտնես։


Անցյալները տեղ մը վիճաբանություն կ՝ըլլար ծխախոտին օգուտներուն ու վնասներուն վրա։

Մարդուն մեկը կը պնդեր, որ ծխախոտին գլխավոր օգուտը սա է, որ մարդս սուարեե մը դուրս ելած ատենը մարդուս ներքին ջերմությունը կը պահե ու ասանկով կուրծքի հիվանդության առաջքը կ՝առնե։

— Բայց, ըսավ ուրիշ մը, մեր նախնիքը ծխախոտ չէին գործածեր և գիշերներն ալ պտըտելու կերթային։

— Ահա ասոր համար անոնց ամենն ալ մեռած են ա՛, պատասխանեց մյուսը: