Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քարոզիչն սխալն հասկնալսվ պատասխան չտվավ, բայց այս տարի յուր սխալն ուղղելու համար նորեն վերոգրյալ դեպքը հիշեց և ըսավ, «Հիսուս հինգ հացով հինգ հազար հոգի կերակրեց». այս ըսելեն անմիջապես ետքը Ամրակում աղային ծաղրելով մը հարցուց․

— Դուն ալ կրնա՞ս հինգ հացով հինգ հազար հոգի կերակրել, Ամրակում աղա։

— Ատոր տարակո՞ւյս կա, բայց անցյալ տարվնե ավելցածներն ալ մեկտեղ առնելով։


— Իմացա՞ք, մեր դրացին անցյալ շաբթու նորեն սնանկացար է։

— Անիկա արդեն տարին մեկ երկու անգամ կը սնանկանա։

— Խեղճությանը մի նայիր, անիկա գործը գիտե, բան մը դրած է մեկդի։

— Այո՛, խղճմտանքը։


Անցյալ չորեքշաբթի գինեմոլին մեկը, ցերեկ ատեն շատ մը խմած, գինետունեն դուրս ելնելուն, մեկուն կը հանդիպի և արեգակը ցուցնելով, կը հարցնե անոր․

— Խնդրեմ, ինձի ըսե, լուսի՞ն է սա թե արեգակ։

Անցորդը գինովին տատանյալ վիճակը տեսնելով՝ կը պատասխանե․

— Շիտակը չեմ գիտեր, ես աստեղացի չեմ։


Նախագահ. — Աս ի՞նչ է, դարձյալ դուն ես, շաբաթ չանցնիր, որ հոս չգաս։

Հանցավորն. — Պարոն նախագահ, կարծեմ դուք իրավունք չունիք զիս այսպես հանդիմանելու։

Նախագահ. — Ի՞նչ ըսել կ՛ուզես։

Հանցավորն. — Ի՞նչ ըսել պիտի ուզեմ, եթե մեզի պես մարդիկ չգտնվին ու ամեն շաբաթ հոս չգան, հոս գործ չմնար, քեզի ալ ասկից կը հանեն ու կսկսիս պարապ պտըտիլ։