Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ահա, ազնիվ գինի, ըսավ խմողը...

— Ի՞նչ կըսե, ասոր օխան երեք ղուրուշ է, մինչդեռ առջի խմածիդ օխան տասնչորս ղուրուշ է։

— Գիտեմ, բարեկամ, ըսավ շուտ մը խմողը, ես ալ անոր համար առջի գինին չգովեցի, հիմիկվան բերած դինիդ հանձնարարության պետք ունենալուն համար գովեցի։


Վարպետ թվաբան մը թվաբանության դաս կուտար հարուստի մը տղուն, որուն շաբաթներով աշխատած էր համեմատության ամենապարզ կանոնը սորվեցնել։

Թվաբանը օր մը տեսավ, որ էֆենտիին տանը գավիթին մեջ աղեկ հագված մեկը ձի մը կը վարժեցնե։

— Էֆենտիին ազգակա՞նն է այս մարդը, հարցուց վարժապետը քովինին։

— Չէ՛, ախոռապետն է։

— Ի՞նչ կըսես... ի՞նչ ամսական կառնե։

— Կուտե, կը խմե, կը պառկի ու հազար ղուրուշ ալ ամսական կառնե:

— Ափսո՜ս, մեղք որ պարապ տեղը աշխատեր եմ տղուն համեմատություն սորվեցնելու, չգիտցա, որ նախ հորը սորվեցնելու է եղեր։ Տղան կրթողին 200 ղուրուշ, իսկ ձին կրթողին 1000 ղուրուշ... Զարմանալի չէ ուրեմն, որ մեր երկրին ասուններն անասուններեն ավելի գիտուն չեն, ըսավ վարժապետը ու առավ քալեց։


Ընդհանրապես աղախին մը աղվոր ըլլալուն պես տանտիկինը զայն չկրնար քաշել, էրիկեն կը նախանձի։

Առջի օրը տիկին Ք... տեսնելով, որ աղախինը հագվելեն սգվելեն զատ ուրիշ գործ մը տեսած չունի, ճանբեց զինքը ըսելով.

— Երթաս բարով, հոգիս, քու հոս տեսած գործդ ես քեզմե աղեկ կրնամ կատարել։


— Ինչ լուր, նոր թատրերգություն մը չգրեցի՞ր։

— Երկու, նոր թատրերգություն գրած եմ, ներկայացունել պիտի տամ, տեսնալու ըլլաք նե պիտի զարմանաք։ Մեկը Տրովա քաղաքին հրկիդությունն է: