Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ուրեմն կնամոլ ես:

— Բնավ երբեք։

— Մարդ Աստուծո, ի՛նչ ես դուն հապա։

— Հացագործ եմ, տեր պապա։


— Զավակս, ի՞նչ շուտ դարձար Բարիզեն:

— Ի՞նչ ընեմ, մայրիկ։

— Դուն հոն երեք տարի պիտի մնայիր, որ փաստաբանություն սորվեիր, դեռ էրթալդ յոթը ամիս չեղավ ու եկար։

— Մայրիկ, տեսա որ ասեղնավոր հրացանր ամեն իրավունք կը վաստկցնե. անկե հատ մը առի ու առանց ժամանակ կորսնցնելու դարձա եկա։


Ամուրի նախանձոտ երիտասարդ մը հետևյալ խորհրդածությունը կըներ ինքնիրեն.

«Անհավատարիմ կնոջմեն վրեժ խնդրել ուզող ամուսինը ծաղրելի կ՚ըլլա. անհավատարիմ կնոջմեն վրեժ խնդրել չուզող ամուսինն ալ ծաղրելի կըլլա, արդ, ամուսինը ծաղրելի կըլլա, ուստի և ամուսին ըլլալն ալ ծաղրելի բան է»։


Աղային մեկը առջի օրը յուր սենյակին սպասավորը կանչեց ու ըսավ.

— Դուն հավատարիմ, աշխույժ ու աշխատասեր ես, քու ծառայություններեդ տրտնջալու տեղի չունիմ, բայց երթաս բարյավ։

— Ինչո՞ւ համար, էֆենտի։

— Վասնզի, մեր պայմանագրությանց հակառակ ես. իմ գինովցած օրս դուն ալ կը գինովնաս կոր։

— Տեր իմ, ես ի՞նչ հանցանք ունիմ. քանի որ դուք ատենե մ՛ի վեր ամեն օր գինովն ալ սկսաք։


— Տեսա՞ր, սա արձանը:

— Այո՜, շատ աղեկ շինված է, կատարյալ կնիկ մէ, միայն թե բան մը կը պակսի։