Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինտո՞ր ես, խաթուն։

— Մի՛ հարցուներ, զավակս, Հիվանդի մը տարին ինձի, երկու շաբաթ է որ քուն քնացած չունիմ: Բայց այս գիշեր հանգիստ կը քնանամ, ինչու որ հիվանդնիս հոգեվարք է։

Մարդս հիվանդ ունենալու և ասանկ կնիկ մը բերելու է, որ հիվանդին քովը նստի։


Անցյալ շաբթու կարդինալին մեկը սրբազան պապին կը ներկայանա։

— Ի՞նչ կ՝ուզեք, կը հարցնե սրբազան պապը։

— Ի՞նչ պիտի ուզեմ, պատկերահանին մեկը դժոխքի պատկեր մը շինած զիս ալ մեջը դրած է. աս ըլլալո՞ւ բան է։

— Ի՞նչ կրնամ ընել, եթե պատկերահանը զձեզ քավարանի մեջ դներ՝ կրնայի անկից դուրս հանել, բայց դժոխքի մեջ դրած է, ես ալ հոն զորություն չունիմ։


Կնկան մեկը, որ բնավ հիվանդ չէր, առջի օրը բժիշկ մը կանչել կուտա։

— Ի՞նչ ունիք, կը հարցնե բժիշկը։

— Կուտեմ, կը խմեմ, հանգիստ կը քնանամ։

— Շատ աղեկ, դեղ մը տամ քեզի, առտու իրիկուն անկից խմե՛, այս ըսածներուդ մեկն ալ չմնար, պատասխանեց բժիշկը։


Կնկան մեկը իր պատկերը քաշել տալու համար լուսանկարի մը կ՝երթա։ Աթոռին վրա նստելուն պես՝ բոլոր ուժը կսկսի թափել, որ բերանը շատ պզտիկ ելլա։

Պատկերահանը տեսնելով անոր այս ճիգը, կըսե․

— Ինքզինքնիդ մի նեղեք, տիկին, կուզեք նե՝ բերան ամենևին չեմ շիներ։