Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դերասանին մեկը անցյալ գիշեր Բերայի թատրոններեն մեկուն մեջ երգ մը երգեց, որուն մեջ կատուի, շան, աքաղաղի ու ձիու ձայն հանելով՝ երբ թատերաբեմեն ներս կը մտնար, օթյակե մը պոռաց մեկը.

— Հապա էշը ի՞նչպես կը զռա։

— Այդպես, պատասխանեց դերասանը և վարագուրեն ներս մտավ։


Սապատողին մեկը զբոսարան մը մտավ։

Երիտասարդին մեկը ըսավ.

— Նայեցե՛ք, սա նոր Եզոբոսին։

— Այո՛, Եզոբոս եմ, պատասխանեց սապատողը, որովհետև կենդանիներու խոսելու ստիպված եմ։


— Գիտե՞ք, որչափ կը ցավիմ կոր խեղճ Տիգրանը։

— Ինչո՞ւ։

— Խեղճին աչքերը բոլորովին գոցվեցան, բան մը չտեսնար կոր։

— Թող կարգվի, աչքերը շուտ մը կը բացվին։


Երկու եղբայր իրարու այնչափ կը նմանեին, որ դրացին անգամ չէր կրնար զանոնք իրարմե որոշել։

Ասոնցմե մեկը մեռավ։

Դրացին օր մը մյուսին պատահելով ըսավ.

— Աստվածդ սիրես, ըսե՛ ինձի, դո՞ւ մեռար, թե եղբայրդ։


Թրամվեյի մեջ անցյալ շաբթու մարդուն մեկը քովը նստողը կը թշնամաներ ըսեքով, թե թաշկինակս գողցեր ես. բայց երբ ետևի գրպանին մեջ գտավ թաշկինակը՝ ներումն խնդրեց քովինեն։

— Մի՛ շփոթիք, պարոն, ըսավ մյուսը, երկուքնիս ալ սխալնցանք, դուն զիս դող կարծեցիր, ես ալ զքեզ ազնիվ մեկը կարծեցի։