Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քարոզիչին մեկը տալիք քարոզին բնաբան դրավ սա հարցումը, դու ո՞վ ես: Այս խոսքեն ետքը քիչ մը լուռ մնաց, որպեսզի ժողովուրդը լավ հասկնա քարոզին միտքը։

Զինվորական մը, որուն կը նայեր այս միջոցին քարոզիչը, կարծելով թե այս հարցումն իրեն ուղղյալ Է, ոտք ելավ ու բարձր ձայնով ըսավ.

— Ե՞ս... ես զինվորական մեմ, որ հոս եկած եմ պաշտոնական գործի մը համար։


— Լեզուդ քիչ մ՛ալ հանե՛, քչիկ մ՛ալ, կ՛ըսեր բժիշկ մը հիվանդ կնկան մը։

— Այս ի՞նչ է, տեր բժիշկ, ըսավ հիվանդը, դուք կը կարծեք, թե կնկան լեզվին վերջը չի՞ գար։


Պարոնին մեկը կյանքը ապահովության դնելու համար ընկերության մը ներկայանալով, իր մեռնելեն վերջը կնոջը եկամուտ մը թողնելու փափագ ունենալը կը հայտնե։

Առնվելիք տասնորդին վրա կը վիճեն։ Բժիշկ մը խնամոք կը քննե հաճախորդ պարոնը։

— Ամեն պետք եղածը կատարած եղա՞, կը հարցնե պարոնը։

— Այո՛, պարոն, կըսե տեսուչը, միայն պզտիկ տեղեկություն մ՝ալ պիտի հաճիք մեզ տալու։

— Ի՛նչ տեղեկություն։

— Բնակած թաղերնուդ մեջ թրամվեյ կա՞։

— Այո՛, պարոն, տանս առջևեն կ՛անցնի։

— Ա՜յ, չար սատանա, ուրեմն պետք է, որ կրկին գին վճարեք։


Երկու ծերակույտի անդամոց մեջ.

— Բարեբախտաբար սովորություն եղած չէ կանանցմե ծերակույտի անդամ առնել։

— Ինչո՞ւ։