Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սա ասկե անցնող դեղագործը կը ճանչնա՞ք։

— Այո՛, իմ ընտիր բարեկամս է։

— Չէի գիտեր, ե՞րբ ծանոթացաք իրար հետ։

— Կնոջս հիվանդության ատենը։

— Որ դեղագործի մը շինած սխալ դեղին զոհ գնաց։

— Նույն ինքն այն էր, որ հիմա զիս այնպես սիրալիր բարև մը տալով անցավ։

— Ինչո՞վ այդչափ սերտ բարեկամ եք։

— Այո՛, այն օրեն ի վեր, առանց զիրար տեսնելու օր մը չենք անցուցած։


Թատրոնին մեջ․

Պարոն մը օթեկաց վերակացուհվույն.

— Տեղս բռներ են։

— Ո՞վ։

— Սա հոն տեղի եղող պարոնը, կը խնդրեմ, հաճեցեք իրեն ըսել, որ ելլե։

— Անկարելի է.․․ ես կը ճանչնամ զինքը, Ազգային ժողովը զայն այս շաբթու ծերակույտի անդամ անվանեց։

— Էյ, ի՞նչ կելլա ատկե։

— Կ՝ըսեն, թե ալ հիմա զայն տեղեն հանել կարելի չէ։


Երիտասարդ մը գիշերվան ժամը ութին ոստիկանության մը պահականոցը երթալով, իր մորեղբոր համար բժիշկ մը կ՝ուզե.

— Շուտով մորեղբորս տունը գացեք կըսե, անկողնին վրա անշունչ մնացած, կարծես թե կը քնանա, բայց կաթվածահար եղած է, կարծեմ թե շուտով արյուն առնելու է։