Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ձեզի աղաչանք մը ունիմ, կըսե գեղեցիկ կինը։

— Ի՞նչ է աղաչանքնիդ։

— Պարահանդես պիտի երթամ, և կուզեմ, որ ձեր ադամանդները այս գիշեր ինձի տաք։

— Հոժար կամոք կուտայի, եթե դուք ալ ձեր երեսը ինձի տայիք, կը պատասխանե դրացուհին։


— Անթառամ. ինչո՞ւ այդ տգեղ մարդուն հետ կարգվեցար։

— Ի՞նչ կըլլա, իրավ է որ սիրականները աղվոր ըլլալու են, իսկ ամուսինները, որ Աստուծո շնորհածներն են որչափ ալ տգեղ ըլլան վնաս չունի։


— Ինչ աղեկ բան է, որ մարդս յուր ուզածր ունենա։

— Ինչ աղեկ բան է, որ մարդս յուր ունեցածին չցանկա։


Հիմար մը բժշկի մը պատահելով՝ կհուզեր պահվտիլ։

— Ինչո՞ւ պահվտիլ կուզես կոր, կը հարցունե բժիշկը։

— Ներեցե՜ք, ձեր դեմը ելնելու կամչնամ կոր, որովհետև տարի մէ, որ չեմ հիվանդացած։


Երիտասարդին մեկը կծծի վաճառականի աղջկան սիրահարված ըլլալով՝ օր մը կելլա վաճառատունը կերթա։

— Հիսուն հազար ղուրուշ կրնամ վաստկցնել քեզի, կըսե։

— Հրամմեցե՛ք, նստեցե՛ք, խահվե բերեք։

— Այո՛, հիսուն հազար ղուրուշ կրնամ վաստկցնել։

— Ի՞նչպես։

— Դուն աղջիկ մը ունիս, որան հարյուր հազար ղուրուշ դրամօժիտ տալ խոստացած ես, ես քու աղջիկդ հիսուն հազարով կառնեմ, որով հիսուն հազարն ալ դուն կը վաստկիս։