Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Պարոնյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության VII հատորը ընդգրկում է հեղինակի երգիծական մանրապատումները, որոնք քաղված են «Մեղու», «Թատրոն», «Խիկար» և «Լույս» հանդեսներից։

Իրենց ժանրային պատկանելությամբ սույն հատորում կարող էին զետեղվել նաև «Հոսհոսի ձեռատետրի» և «Կսմիթների» մեջ եղած որոշ մանրապատումներ, բայց հիշյայ երկերի ամբողջականությունը պահպանելու նպատակով հրաժարվել ենք նման միջամտությունից։

Ներկա հատորի բովանդակության զգալի մասն ընթերցող հասարակությանը ծանոթ է Պետհրատի հրատարակությունից, իսկ մնացյալը տպագրվում է առաջին անգամ։

Մեր տրամադրության տակ եղած նյութերն ամբողջությամբ չենք հանձնել տպագրության, երբեմն անհրաժեշտությունից դրդված կատարել ենք ընտրություն, հատկապես կրկնությունից խուսափելու նկատառումով։

Հայտնի են Պարոնյանի աշխատանքային պայմանները, ստեղծագործական ոճը, մղումներն ու թափը։ Կարելի է ասել, որ նա իր թերթի հիմնական աշխատակիցն էր, ծանրաբեռնված հրատարակության բազմապիսի հոգսերով ու պատասխանատվությամբ, այսպես են վկայում գոնե ժամանակակիցները՝ Հ. Ասատուրն ու Թեոդիկը։ Եվ պատահական չէ, որ ընթացիկ կյանքի, օրվա դեպքերի արձագանքների մեջ նկատելի են որոշ կրկնություններ։ Բացի այս, Պարոնյանը իր սկզբունքային պայքարը երբեք խոսքի մի հարվածով ավարտված չէր համարում։ Նա, որպես հրապարակախոս-լրագրող բազմիցս, զանազան ձևերով և առիթներով, կրկին ու կրկին անդրադառնում էր այս կամ այն հրատապ խնդրին, մինչև իր նպատակի ավարտը։ Եթե նման դեպքերում մենք տեսել ենք Պարոնյանի ստեղծադործական պոռթկումների նոր ձևեր ու հղացումներ, անկախ բովանդակության կրկնությունից պահպանել ենք, բայց երբ սոսկական կրկնություններ են՝ հրաժարվել ենք։ Օրինակ․ կրկնված բովանդակությամբ նյութեր են թաղային զանազան վեճերի, ազգային վերադաս մարմինների ներքին անմիաբանության նկարագրությունները, Աղթամար կղզու Խաչատուր կաթողիկոսի սպանության, Երուսաղեմի պարտքի, Պողոս վարդապետի հակաժողովրդական չարագործությունների քննարկումները, Նար Պեյի Մ. Տիգրանյանի, Ս․ Փափազյանի բարոյական - հասարակական նկարագրերի մերկացումները, ժամանակակից թերթերի տգիտության, անպատասխանատվության հրապարակումները և այլն։ Պարզ է, եթե Պարոնյանը հնարավորություն ունենար վերանայելու իր հոդվածները, անշուշտ ինքը կկանխեր, բայց քանի որ նա զուրկ էր նման հնարավորությունից, հետևապես այդ գործը հետագա հրատարակիչների պարտականությունն է։ Անկախ վերոհիշյալից, կան և մի շարք նյութեր, որոնք