Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զուրկ են գրական-հասարակական որևէ արժեքից, նեղ առումով կապված են անմիջապես ժամանակի հետ և Պարոնյանն իր թերթերում հրատարակել է այդպիսիները միմիայն որպես արձագանք օրվա դեպքերի (ինչպես պետական գանձարանի հափշտակիչ Սիմոնովիչի դատավարության նիստերի սղագրական տպագրությունները)։ Այս կարգի նյութերից ևս հրաժարվել ենք։

Հետևելով մեր հրատարակության հիշյալ սկզբունքներին, որոշ կրճատումներ ենք կատարել սույն հատորում զետեղված «Խայթվածքներից», մասամբ «Քաղվածքներից», «Փոխառություններից» և մի քանի այլ նյութերից։

Ինչպես նախորդ հատորներում, այստեղ ևս պահպանված է նյութերի ժամանակագրական հաջորդականությունը, իսկ «Քաղվածքները» և «Փոխառությունները» տեղադրված են հատորի վերջում իբրև փոխառություններ։

Պարոնյանը ֆրանսերենից է կատարել «Փոխառություններն» ու «Քաղվածքները», որոնք նա օգտագործել է միմիայն իբրև ատաղձ, իսկ ամենաէականը՝ հումորը, սրամտությունները կատարյալ պարոնյանական են։

Հատկապես փոխառություններն ամբողջությամբ տեղայնացված են։ Հեղինակը նյութը մշակել, համեմել ու երանգավորել է պոլսական կենցաղով, վարք ու բարքով։ Փոքրիկ երկախոսությունների միջավայրն ու հերոսներն ընթերցողին ծանոթ պարոնյանական աշխարհն է, Պոլիսը իր թաղերով, ուր հանդես են գալիս քաթիկ հանըմներն ու զանազան տուտուներ, և կամ Աբրահամ, Պետրոս, Կարապետ աղաները, սովորական, հասարակ մարդիկ, կյանքի և առտնին հոգսերով ծանրաբեռնված, բայց միշտ սրամիտ ու կենսուրախ։

«Քաղվածքների» ու «Փոխառությունների» մեջ կան և այնպիսիները, որոնց միջավայրն ու հերոսները թեև օտար են, սակայն նման դեպքերում զգալի է Պարոնյանի ոգուն հարազատ երգիծանքի առկայությունն ու նրանից բխող բարոյախոսությունը։

Ներկա հատորում տեղ են գտել նյութեր, որոնք չեն առնչվում կենցաղային երգիծանքին, բայց որովհետև լույս են տեսել մի ընդհանուր վերնագրի տակ (ինչպես օրինակ, «Սույլ», «Այլ և այլք», «նետ» և ուրիշներ), ստիպված, երկի ամբողջականությունը չաղճատելու միտումով թողել ենք նույնությամբ։ Բացի այս, կա և մի այլ կարևոր հանգամանք։ Պարոնյանի, ծավալով շատ փոքր, բայց բազմակողմանի հարցեր շոշափող երկերը միշտ չէ որ հնարավոր է կենցաղային, քաղաքական և կամ որևէ այլ վերնագրի տակ տեղագրել, կենցաղային ու քաղաքական երգիծանքը, առտնին պատկերներից քաղված ընդհանրացումներն ու հասարակական երևույթների վերլուծումները Պարոնյանի ստեղծագործություններում միահյուսված են։

Սույն հատորի երկերից աննշան բացառություն են կազմում հեղինակի ստորագրությունը կրող գործերը, մնացյալները լույս են տեսել ծածկանուններով և կամ անստորագիր։ Նրանց մի մասը ճշտված է դեռևս ժամանակակիցների ու հետագա հրատարակիչների կողմից, իսկ մնացյալների (Անանուն, Ապտակող, Ապտակ, Ով է Նե, Ա. Խիկար, Գ. Ո. Ղ․, Քնաքնա, Արբիլիքոս) ճշտումները, թե՛ Պետհրատի հրատարակության և թե՛ մեր կողմից կատարվել են բացառապես բանասիրական տվյալներով, որոնց մասին խոսել ենք նախորդ հատորում, սակայն անհրաժեշտ ենք գտնում տալ մի քանի ծածկանունների հաստատման փաստական ապացույցներ։