Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

10. Սկյուտարում «Բանասիրաց ընկերություն» գոյություն չի ունեցել և ատենաբան Հ. Համբարձումյանը իրական դեմք չէ. այս բոլորը հարմարեցված է «Մանզումեի» և «Մասիսի» խմբագիրներ Կ. Փանոսյանին և Կ. Ութուճյանին ծաղրելու համար։

11. Ֆեները Պոլսի թաղերից է, իսկ Դիմիտրիոսը երևակայական անձնավորություն, որի միջոցով ցույց է տրված թաղեցիների գինեմոլությունը։

12. Համեմատությունը Նապոլեոն Երրորդի և Օ. Խոճասարյանի միջև հեղինակի ստեղծագործական բազմաթիվ խաղերից մեկն է։ Առիթը՝ երկու խմբագիրների, Օ. Խոճասարյանի և Կ. Փանոսյանի աղմկահարույց կռվին հաջորդող հաշտությունն էր երգիծաբանական արվեստի բացառիկ ուժով նկարագրված «Ազգային ջոջերի» մեջ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Կ. Փանոսյան»)։

13. Խոսքը Նապոլեոն Երրորդի մասին է, որը 1870 թվականին Սետանի ճակատամարտում ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ պարտվեց և Ֆրանսիան ենթարկվեց կապիտուլյացիայի։

14. Ակնարկը վերաբերում է անգլիացի հանճարեղ գիտնական Նյուտոնին, որը ջերմ եռանդ հավատացյալ էր։

15. «Ընդհանուր ժողով» — Տե՛ս «Վիեննայի արվեստահանդեսին ղրկվելիք հայ բերքերն ու աստվածները», ծանոթ, № 4։

16. «Լուսավորչյան ընկերություն» — «Մանզումեի» խմբագիրը Կ. Փանոսյանն էր, և ըստ Պարոնյանի քողարկված արտահայտության, Փանոսյանը տուրք է տվել բողոքականության։

Լուսավորչյան ընկերությունը հիմնադրվել է Պոլսում, 1866 թվականին։ Նպատակն էր Լուսավորչական եկեղեցում բողոքականություն մտցնել և այս պատճառով ընկերությունը համարվել է բողոքականամիտ ու աղանդավոր։

17. «Պորտ ընկերություն» — Ամերիկյան միսիոներական ընկերություն, նպատակն էր Աստվածաշնչի տարածումը և ուներ իր բաժանմունքը Ե. Պոլսում։

18. Ակնարկում է Երուսաղեմի միաբան Հակոբ վրդ․ Չիլինկիրյանին. նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Լուսավորչյան ընկերությունը (տե՛ս ծանոթ. 16)։

19. Կալիփսոն Ատլանտի դուստրն էր, հավերժահարս, Օգիգիա դիցաբանական կղզու տիրուհին, նա հմայեց Ոդիսևսին, երկար տարիներ պահեց իր մոտ, բայց ի վերջո Ոդիսևսը հեռացավ, անմխիթար թողնելով Կալիփսոյին։

20. «Մեղու» պարբերականում «Բանասիրական» ընդհանուր խորագրի տակ տպագրվում էին ինքնուրույն և թարգմանական այնպիսի երկեր, որոնք չունեին երգիծական բնույթ։

21. «Զի լուծն մեր քաղցր է և բեռն մեր փոքրոգի» — «Զի լուծ իմ քաղցր է և բեռն իմ փոքրոգի». Մատթ., ԺԱ, 30։

22. Պոլսի Կետիկ փաշա թաղամասում 1868 թվականին Հ. Վարդովյանի քանքերով ու նախաձեռնությամբ հիմնադրվել է Օսմանիե թատրոնը, ուր տրվում էին հայերեն ու թուրքերեն լեզուներով ներկայացումներ, ի թիվս որոնց և էժեն Սյուի ու Բրիզիբարի «Բարիս ֆուգարասը» («Փարիզի աղքատները») մելոդրաման։