Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՆՐ ԼՈՒՐԵՐ

Սույն վերնագրի տակ զետեղված մանրապատումների մի մասն առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմ բերի 25-ին (№ 107), դեկտեմբերի 2-ին (№ 109), հաջորդ տարվա՝ 1873 թվականի հունիսի 2-ին (№ 143)։ Մնացյալները դարձյալ առաջին անգամ լույս են տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 29-ին (№ 108), հաջորդ տարվա՝ 1873 թվականի հունվարի 3-ին (№ 118), հունվարի 12-ին (№ 120), հունվարի 17-ին (№ 121), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Այսինքն՝ ժամը 9-ը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ․, «Մեծապատիվ մուրացկանները», ծանոթ, № 8)։

2. «Իպրեթ» — Թուրքական թերթ։

3. «Հատիքա» — Թուրքական թերթ։

4. Ծաղրում է Թուրքիայի շոգենավային երթևեկությունը, որի անկանոնությունը պատճառաբանվում էր եղանակների աննպաստությամբ։

5. «Փոսթ լոքալ» — Տեղական փոստ։

6. «...Քիչ մը վրան յուվարլամիշ ըլլաս տեյի թափեցի» — Որպեսզի մի քիչ վրան թավալվիս (ակնարկում է էշերի սովորությունը)։

7. «Մեղուի» 1872 թվականի նոյեմբերի 25-ի (№ 107) մեջ տպագրված է մի ծաղրանկար, որը պատկերում է արջ և նրան խաղացնող մարդուն՝ ճակատին մեղու։ Նկարի տակ գրված է «Այլակերպություն Այվազին», այսինքն, Այվազյանը ավանակությունից վերափոխվել է արջի, որին խաղացնողը «Մեղուն» է։ Ակնարկը հիշյալ ծաղրանկարին է վերաբերում։

8. «Շիտակ ճամբա» — Պոլսի Բերա թաղամասի գլխավոր փողոցի անվան հայերեն թարգմանությունը, թուրքերեն կոչվում է «Տողրու յոլ»։

9. Նկատի ունի Այվազյանին։

10․ Սափրիչը Այվազյանի ածիլվելը մարտին է հետաձգում, որովհետև կենդանիներին խուզում են այդ ամսին։

11. Ակնարկում է «Մեղվի» ծաղրանկարը (տե՛ս <1> ծանոթ, № 1), ուր Այվազյանը պատկերված է մարդու գլխով և ավանակի մարմնով։