Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9. Հեգնում է Պոլսի նավերի երթևեկության անկանոնությունը, որի պատճառով ուղևորները հարկադրական ճամփորդություններ են կատարել մինչև իրենց տեղը հասնիլը։

10. «Շմենտըֆերի պիլեթ» — Երկաթուղային ընկերության վիճակահանության տոմս։

11. Խոսքը «Արևելյան փող» օրաթերթի և նրա խմբագիր Բարթող Թաթարյանի մասին է, որը հանդես էր գալիս Բարթող Սուր ստորագրությամբ։

12. Տե՛ս «Մանր լուրեր», ծանոթ, № 23։

13. «...(Զ) թագաւորն պարտեալ ի կուսէն ամաչէր», «Թագաւորն պերճացեալ զօրութեամբ և փառօք ի մանուկ ի կուսէն պարտեալ ամաչէր». Կոմիտաս վարդապետ, «Կանոն սրբոյ Հռիփսիմեաց». շարական, «Անձինք նվիրեալք»։

14. Պարոնյանը «Ազգային ջոջերի» մեջ Պեկյանին ներկայացրել է իբրև «Փունջի» պաշտպան, խիստ զավեշտական տողերով.

«Վերջերս դարձյալ ճշմարտության պահապան զինվոր գրվելով՝ «Փունջի» փաստաբան եղավ և կենդանի բառին բացատրությունը տալու համար որչափ որ բառարան կար նե ժողվեց, սայլի մը մեջ դրավ, ինք ալ սայլին ետևեն երթալով դատարան մտավ...» (տես Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Թ. Պեկյան»)։

15. Ռ-ն կատակերգակ դերասան Գարեգին Ռշտունին է։ Ակնարկված երգը կոչվել է «Ծածկյալ աղքատներ», որը նվիրված է դերասանների թշվառ վիճակին։ Թե՛ բառերը և թե՛ եղանակը հորինել է Ռշտունին, և ինքն էլ կատարել։

Ստորև մեջ ենք բերում երգից երկու քառյակ իբրև նմուշ.

Ծածկյալ աղքատներ ենք մենք ճանչցեք.
Ձեռքի տակե ողորմեցեք.
Այն մուրացող աղքատները
Մենե հարուստ են լավ ճանչցեք։

Թե լայն գռավաթ, դնենք ակնոց
Գոլան բանթոլ ու սև ձեռնոց
Ֆռիզե բաճկոն, չըլլա խաբվիք
Ամերիքա չունինք շապիկ։

(«Մեղու», 1872, № 115)

16. «Նորին գերապատվությունը» Խորեն Նար Պեյն է, Իզմիրի առաջնորդ ընտրվելուց հետո նրա հրաժարականը Պարոնյանը ծաղրել է բազմաթիվ առիթներով (տե՛ս «Չորս վարագուրով կատակերգություն մը»)։

17. «Մեղվի 1873 թվականի մարտի 21-ի (№ 123) համարում (տե՛ս «Ասկե անկե», 1873, էջ 46), Պարոնյանը հոլովների անունների օգնությամբ քննադատել է Կ. Փանոսյանի Ագապյան վարժարանի սանուհիների համերգը, որը ոչ թե «գործիական» այլ «բացառական» էր, այսինքն՝ դրական չէր, բացասական էր։ Հիշեցնելով իր այդ ակնարկը, Պարոնյանը հատկապես նշում է Փանոսյանի «Մանզումեում» կատարած քննադատության աղավաղումը։ Գրաբարում, երբ բացառական հոլովի վրա դրվում է զ նախդիրը, կազմում է պատմական հոլով, որը նշանակում է մի բանի մասին, այս օրենքի համաձայն «Մանզումեն» «բացառականի» վրա ավե-