Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

19. Հեղինակը Խ. Միսաքյանի խրթին, արհեստական լեզուն ծաղրել է նաև «Ազգային ջոջերում»՝ երգիծանքի ամենասուր ձևերով.

«Միսաքյան լոկ խոսքերու վարսավիրա մէ, որ ասդիեն անդիեն խոսքեր հավաքելով՝ զանոնք կր սանտրե, կը կոկե, անուշաբույր յուղերով կօծե և հրապարակ կը հանե և երկու տողով հասկանալի բան մը յուր գրչին տակ երկու էջի մեջ անհասկանալի կըլլա, և երբ վարսավիրա մը կը տեսնեմ, որ անմիտ երիտասարդի մը գլուխը բռնած ժամերով անոր վրա կը խաղա, կըսեմ. Միսաքյանը հողված կը գրե, իսկ երբ այն երիտասարդին հետ խոսիմ և գլխուն արտաքին զարդն և ներքին ունայնությունը տեսնեմ, կարելի չէ, որ չհիշեմ Միսաքյանի դրած հոդվածները» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Խ. Միսաքյան»)։

20. Միսաքյանը լեզվի պատկերավորության համար այսպես էր անվանում մթնոլորտը, օդը։

21. «Ճեմիշներու բարեկարգություն» — Տե՛ս ծանոթ. № 13։

22. «Գորտամկնամարտություն» — Batrachomiomachia․ հին հունական պոեմ, Հոմերոսի էպոսի պարոդիան (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Խ. Միսաքյան», ծանոթ. № 12)։

23. Համեմատությունը Բաղաամ կախարդի հետ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», ծանոթ. № 1) բացատրվում է այն փաստով, թե ինչպես Խ. Միսաքյանը Փարիզից Պոլիս վերադարձին մի քանի ծրագրեր է ունեցել իրականացնելու և առաջինը էշ ձեռք բերելն էր պտույտի համար։ Միսաքյանի զավեշտական այս ցանկությունը առիթ է տվել Պարոնյանի անխնա երգիծանքին, որը ցայտուն կերպով հանդես է եկել «Ազգային ջոջերի» մեջ, Խ. Միսաքյանին նվիրված դիմանկարում։

24. Ըստ ավանդության, հին հունական փիլիսոփա Թաղեսը գիշերը աստղերը դիտելիս ընկնում է փոսը, աղախինը ծաղրել է նրան ասելով՝ «Նախ դիտիր ոտքիդ տակը, վերջը գլխիդ վերևը»։

25. Ապտուլլահ կամ Ապտուլլահյան երեք եղբայրներ՝ Գևորգ, Վիչեն, Հովսեփ. հռչակավոր լուսանկարիչներ, որոնք լուսանկարչության արվեստը հասցրին մեծ կատարելության, արժանացան սուլթանական պալատի լուսանկարչի կոչման, իսկ Վիչենին շնորհվեց Օսմանիե պատվանշան։

26. «Խալըճը օղլու իսկելեն» — Խալըճը օղլու (Պոլսի Խաս գյուղի մի թաղամասը) նավամատույցը։

27. Հանձինս «Լեռների» նկատի ունի Կ. Ութուճյանի «Մասիսը» և առանց ուղղակի խոսքի ակնարկում է նրա մտքի սնանկությունը, հիշեցնելով միայն, որ ժամանակին լեռը գեթ մուկ էր ծնում, իսկ հիմա այդ էլ չկա։

28. Ծաղրում է Խ. Միսաքյանի ստեղծագործական կարողությունները՝ Որփեոսի քնարը (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Խտղտում», <21>, ծանոթ. № 1) հանձնելով նրան։

29. Կ. Փանոսյանին Միտասի հաջորդը համարել՝ նշանակում է զարդարել նըրան էշի ականջներով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», ծանոթ. № 2)։

30. Պարոնյանը «Խայթվածքների» մեջ հաճախ է ծաղրում Խ. Միսաքյանին. նամանավանդ նրա էշ ունենալու ցանկությունը (տե՛ս ծանոթ. № 23) և իր ակնարկներն ու համեմատությունները կատարում է կենդանի բառի միջոցով։