Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

46. Վիլհելմ 1-ին։

47. «Անձնվեր ընկերություն» — Կազմվել է Պոլսում 1860 թվականին, նպատակն էր՝ շրջել խաները, մաքսատները, նավամատույցները, հավաքել պանդուխտ հայերին և ծավալել նրանց մեջ գրագիտություն։ Ընկերության հիմնադիրն էր գրավաճառ Հ․ Մարգարյանը, որի նախաձեռնությունը ողջունել է «Մեղուն»։

48. Ք. Ղազարոսյանը Անձնվեր ընկերության ուսուցիչներից էր։ Պարոնյանը «տրամաբան» անվանելով, ծաղրել է նրա դասավանդումը, որից հետաքրքիր օրինակներ են բերված «Ազգային ջոջերում» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Ք. Ղազարոսյան»)։

49. Երգիծանքի առիթը Ազգային ժողովի դռնփակ նիստերն են, երեսփոխանների կողմից պատճառաբանված, թե խնդրի բնույթն այդ է պահանջում։ Նկատի ունենալով հիշյալ պատճառաբանությունը, Պարոնյանը դռնփակ նիստերը նմանեցրել է փակ ամանի մեջ գոլորշիով եփվող խորովածի (պուղլու քեպապի)։

50. Ձախակողմյաններն ազգային հասարակական կյանքի այն հոսանքի ներկայացուցիչներն էին, որոնք պայքարելով ամիրայության ու կղերապահպանողական հոսանքների դեմ, իրենց պայքարի սլաքը ուղղում էին և ընդդեմ դեմոկրատիայի ինչպես Հ. Ավաճյանի և Հ. Պարոնյանի։

51. Այն շենքը, ուր գումարվել են Ազգային երեսփոխանական ժողովները։ Անունը ստացել է Պոլսի Ղալաթիա թաղամասում գտնվելու համար։

52. «Լըվընթ հերըլտ» — Պոլսում հրատարակվող անգլերեն թերթ։

53. «Ռոպերթյան վարժարան» — Ռոբերդ կոլեջ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Րումելի հիսար», ծանոթ. № 1)։

54. «Սըհեթլի հավատիսներ հրատարակել» — Ուրախարար, առողջարար լուրեր հրատարակել։

55. Նկատի ունի Վահան վարդապետ Պարտիզակցուն։

56. Պարտիզակցին քննադատել էր Մելիքսեդեկ եպիսկոպոս Մուրադյանի՝ 1872 թվականին Երուսաղեմում տպագրված «Եկեղեցական պատմութիւն Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ» գիրքը։ Այս մասին Պարոնյանը իր խոսքը ասել է «Ազգային ջոջերի» մեջ՝ Վ. Պարտիզակցուն նվիրված դիմանկարում։

57. Ըստ Ագաթանգեղոսի, հայոց Տրդատ թագավորը, երբ սպանել տվեց Հռոմից Հայաստան ապաստանած քրիստոնյա կույսերին, աստված պատմեց Տրդատին՝ վերափոխեց նրան խոզի։ Իսկ Բաղաամ կախարդի էշը, համաձայն կրոնական ավանդության, հրեշտակ տեսնելով սկսել է խոսիլ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները», ծանոթ. № 1)։

58. Հիշյալ տարիներին Պոլսի պատրիարքը Մ. Խրիմյանն էր։

59. Ակնարկում է, թե ինչպես մի դեպքում խոլերան է հնձում մարդկանց, իսկ մյուսում շմենտըֆերի (երկաթուղու) արկածները։

60. Պոլսի Բերա եվրոպական թաղը հռչակված էր իր զեխ կյանքով, անքուն գիշերներով և մինչև լույս տևող ուրախություններով։

61. «Լրագիր» — Օրաթերթ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <8>, ծանոթ. № 3)։

62. «Փուլ» — «Արևելյան փող», օրաթերթ, լույս է տեսել Պոլսում 1873 թվականին Մ. Երզինկանլյանի և Բարթող Սուրի խմբագրությամբ։