Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ասոր համար հավատարիմ մեկը փնտրելու է։

— Մարդուս ամենեն հավատարիմը իր եղբայրն է։

— Այո՛, և ճիշտ ասոր համար է, որ վարդապետն ալ.․․

— Կեցի՜ր, գրիչ։

— Հրամմե՛ նայիմ, ընթերցող՝ հրացանս պարպելու միջոցին ստիպված եմ հրացանս վար ձգելու։

Բայց չէ, Պառնասա գագաթը նստինք և խոսինք։
Մուսայք, օգնեցեք ինձ, ոտքով խոսիմ քիչ մ՝ալ։
Արձակն լացուց զիս, արդ, չափով կ՝ուզեմ խնդալ.
Հանգերն թե մեզ պակսին, դիմենք միջարկությանց,
Եվ կարգավ շարենք, ա՜հ, ո՜հ, ա՜յ, վա՜յ քերթողաց։
Համբավով իմաստուն, տաղանդով իմաստակ,
Գոռոզ գլուխ մը կար սև վեղարի մը տակ.
Երկու սեռե ուներ նա փոքր աշակերտներ,
Որոց կուսուցաներ ինչ որ ինք չեր գիտեր.
Բարոյական կուտար, չիյտեմ ո՞ւսկից կխառներ,
Զի բարոյականի չուներ անգամ ստվեր։
Նախանձեցավ ասոնց երջանկության վրա,
Փափագեցավ ըլլալ մորուքվոր մեկ տղա.
Այս ըղձին դեմ գալով իր տարիքն ու վեղար,
Թե ոչ տղա, գոնե ըսավ, ըլլամ (ո՜հ) հայր։
Տղա ըլլալու տեղ տղաքներ ունենալ
Ուզեց, և անոնց պես խաղալ, պարել, խնդալ,
Ուստի, օր մը աղվոր աղջիկ մը տեսնելով՝
Եղբորը հետ պսակեց և առավ իրեն քով։
Նետելուն պես վեղարն, կարգն ու վերարկուն,
Քարոզիչ սիրո էր նա առտու իրիկուն.
Գրկեր սիրուհին, որ բուրեր միայն ամբրոս,
Եվ չէր տեսներ ոտքին տակը բացված մեծ փոս։
Երբ եղբայրն ներս մտավ վարդապետի խուցեն,
Տեսավ որ ա՜յ... սխալ պսակած էր Հիմեն։
Բայց ի՞նչպես ուղղելու էր Հիմենյանս սխալ,
Սկսավ իսկույն ճակտին վրա զույգ մր ցավ զգալ։
Կրցածին չափ պահեց ցավերն եղբայրն մատնեց,
Տեր եղավ կողակցին, տունեն առավ քալեց։
Վարդապետն առավ դարձյալ իր սև վեղար,
Զի չկրցավ ըլլալ տղա և ո՜չ ալ հայր։