Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. «Խիկար» — Հ. Պարոնյանի 1884—1888 թվականներին հրատարակած երգիծական հանդեսը։

2. «Միարիֆ» — Գրաքննություն։

3. «Ճաշակ» — «Ճաշակ ոսկեղեն դպրության», հանդես ամսօրյա, լույս է տեսել Պոլսում 1886—1889 թվականներին Մ. Գարագաշյանի և Հ. Գուրգենի խմբագրությամբ գրաբար։

«Տելեմաքի» թարգմանությունը «Ճաշակի» մեջ տպագրվել է 1886 թվականի նոյեմբեր և 1887 հունվար, փետրվար, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսներին։ Մեզ չհաջողվեց վերականգնել թարգմանչի անունը և ազգանունը, ուստի բավարարվել ենք միայն խմբագրության հայտարարությամբ, որ այն կատարել է բանասեր Տ. Ս. Գ.։

4. «Երկրագունդ» — Գրական և գիտական հանդես ամսյա. լույս է տեսել 1853—1888 թվականներին, նախ Հ. Պարոնյանի և ապա Ե. Տնտեսյանի տնօրինությամբ։

« Տելեմաքի» թարգմանության մասին քննադատական հոդվածը տպագրվել է «Երկրագունդի» 1886 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր և 1887 թվականի մարտ, հունիս ամիսներին։ Հոդվածի հեղինակը Մելքոն Կյուրճյանն էր։

5. «Գ. Ա. ստորագրությամբ» — Պարոնյանը ինքը հաջորդ 316-րդ էջում հայտնում է նամակագրի անունը՝ Գ. Արշավիր։

6. Պարոնյանի և Տյուղենճյանի միջև ծագել էր բանավեճ, վերջինիս հրատարակած տոմարակալության ձեռնարկի շուրջը։ Պարոնյանի դիտողությունները, ինչպես և հեղինակի պատասխան խոսքը տպագրվել են «Խիկարի» 1886 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

7. Խոսքը վերաբերում է Վիեննայի Մխիթարյանների պաշտոնաթերթ «Հանդես ամսօրյային», հանդեսի առաջին համարում (1887 թ.) տպագրված է «Սքանչելիք ձվո» հոդվածը, Պարոնյանը, բանասիրական հանդեսի բնույթին անհարիր համարելով հիշյալ հոդվածը՝ ծաղրել է։

8. «Հանդես ամսօրյան» հետագայում, աստիճանաբար, հրաժարվեց լրագրային բնույթի նման նյութերից և դարձավ հայագիտական ծանրակշիռ հրատարակություն։

9. Մեջբերված օրինակով Պարոնյանը ցուցադրել է հայկական օրացույցների անհասկանալի հապավումները։

10. «Երանի քեզ ո Ք... պիտի ապրիս դու» — Ակնարկը հավանաբար վերաբերում է այդ տարիներին «Արևելք» օրաթերթի քաղաքական բաժինը վարող Բյուզանդ Քեչյանին։

11․ Պարոնյանը Գ․ Արշավիրին համեմատում է էշի հետ, որը մի անգամ աղով բեռնավորված մտնում է ջուրը և ազատվում բեռից, երկրորդ անգամ բեռնավորված սպունգով ոգևորված նախորդ հաջողությունից, կրկին նույն փորձն է կատարում, բայց այս անգամ խեղդվում է։

12. Խոսքը Ներսես Վարժապետյանի մասին է։ Վարժապետյանը իր գործունեության ընթացքում հաճախ է հրաժարականներ ներկայացրել Ազգային ժողովին. համրիչը հրաժարականների թիվը հաշվելու համար էր։

Պատրիարքական աթոռից հրաժարվելու հիմնական պատճառներն էին, նախ՝ ազգային վերադաս մարմինների ներքին անհամաձայնությունները, հատկապես երեսփոխանների անձնական մղումներից դրդված, հասարակական արժեքից զուրկ