Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

45. Տե՛ս նախորդ ծանոթագրությունը։

46. «Լահանա թուրշուսի» — Կաղամբի թթու։

47. Մ. Մխիթարյանը և Հ. Ալլահվերդյանը Իզմիրյանց մրցանակի են արժանացել առաջինը՝ «Նկարագրական ուղևորություն ի Հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի», իսկ երկրորդը՝ «Ուլնիա կամ Զեյթուն» ուսումնասիրությունների համար։

48. Պետերբուրգաբնակ ղզլարցի մեծահարուստ Հովսեփ աղա Իզմիրյանցը իր 1874 թվականի ապրիլի 13-ի կտակով 20,000 ռուբլու մի գումար է տրամադրել Պոլսի ազգային Պատրիարքարանին և սահմանել այդ գումարի տարեկան տոկոսի կեսը յուրաքանչյուր տարի հատկացնել մրցանակաբաշխության ազգային պատմության, մայրենի լեզվի, գրականության և կրոնի է լավագույն ուսումնասիրության համար»։

Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1875 թվականին, գործադրվել 1877 թվականից։

49. Ս. Տերվիշյանի աշխատությունը՝ «Հնդեվրոպական նախալեզու», ներկայացվել է Իզմիրյանց մրցանակի։ Ուսումնասիրությունը գրախոսել է մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Մ. Գարագաշյանը, որի կարծիքը եղել է բացասական։ Բնագրում, Պարոնյանի մեջբերած տողերը քաղված են Գարագաշյանի հիշյալ քննադատության դիտողություններից. Տերվիշյանը այս առթիվ հանդես է եկել «Քննություն քննադատության տ. Գարագաշյանին» վերնագիրը կրող հոդվածով և այն տպագրել իր հանդեսի՝ «Լեզվի» 1887 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։

50. «Օմեոբաթ» — Հոմեոպատ. նմանաբուժություն։

51. «Պապա մարդ է» — Ոճ է. նշանակում է տղամարդ մարդ է։

52. «...Ծոցեն տ...թյան...» — Ծոցեն տերության։

53. «...Ըստ Ս. Գ.-ի ...և ըստ Հ. Թ.-ի» — Մեզ անհայտ անձնավորություններ։

54. Տե՛ս ծանոթ. № 49։

55. «Հովիւ քաջ դնէ զանձն իւր ի վերայ ոչխարաց իւրոց» — «Հովիւ քաջ գանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց». Հովհ. ժ. 11։


ՄԱՆՈՒԿ ԲԱՐՈՅԱԽՈՍՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թվականի հունիսին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


ԿԱՂԱՆԴՉԵՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թվականի դեկտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. «Սաղլամ այագ գապը մը չես» — Ոճ է. բառացի՝ դիմացկուն կոշիկ չես, բուն իմաստը, վստահելի չես, հավատք չի կարելի ընծայել։

2. «Անուշ ապուրը, գերանն, պյորեկը...» — Նոր տարվա առթիվ պատրաստվող պոլսական քաղցրեղենների և խմորեղենի անուններ։