Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծերի խորհրդական, եղել է ազգային ժողովի նախագահ և քաղաքական ժողովի առաջին ատենապետը։

Տեր-Մարգարյան Ոստանիկ (1846—1875), հախուռն կյանքով, ողբերգական վախճանով, իր անվան շուրջը մեծ աղմուկ բարձրացրած գեղեցիկ երիտասարդ էր Ոստանիկը, որը ծնվել է Վանում, աշակերտել Մ. Խրիմյանին։ Հետագայում մեկնել է Ֆրանսիա, ուր ավարտել է Կրենյոնի երկրագործական վարժարանը, ստանալով առաջնության մրցանակը 200 ուսանողների մեջ։ Շնորհիվ մտավոր բացառիկ կարողությունների ընտրվել է ֆրանսիական երկրագործական կենտրոնական ընկերության անդամ։ Ֆրանսիայում Ոստանիկը նվաճել է մեծահարուստ իշխանուհու սերը և որպեսզի կարողանա ամուսնանալ նրա հետ՝ կեղծ փաստաթղթերով ու սուտ վկայությամբ ներկայացրել է իրեն Վասպուրականի Արծրունյաց թագավորական տոհմից սերված իշխանազուն և այսպիսով հաջողել է ձեռք բերել ամուսնության համաձայնություն։ Փարիզում Ոստանիկը վարել է դրամական հսկայական գործարքներ, կեղծարարությամբ տիրացել է մեծ հարստության, բայց, ի վերջս գաղտնիքը հայտնվել է, ձերբակալվել է և վախճանվել Մաղասի բանտում։ Տեր-Մարգարյանի արկածալից կյանքը գրի է առել նրա քարտուղարը, վանեցի Նշան Շիրվանյանը, որի գիրքը՝ «Վիշտք իմ ի Փարիզ երեսաց Ոստանիկ Տ. Մարգարյանց» վերնագրով տպագրվեց Պոլսում, 1874 թվականին։ Ժամանակի հայ մամուլը զբաղվել է գայթակղեցուցիչ այս պատմությամբ, հրապարակել է զանազան մանրամասնություններ, իսկ «Մասիսում» լույս է տեսել Տեր-Մարգարյանի աշխատություններից մի փոքր ուսումնասիրություն՝ «Օսմանյան կայսրություն, յուր ելևմտահան վիճակը, եկամտի աղբյուրներն և հասարակային շինությունները» («Մասիս», 1872, № 1315)։

Տերոյենց, Կարապետ (1801—1888), կամ Հովհաննես Չամուրճյան. լրագրող, թարգմանիչ, արևմտահայ ռեակցիայի պարագլուխը, խմբագիր «Երևակ» պահպանողական ամսագրի։

Տերվիշյան, Սերովբե (1845—1892), Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, բանասեր, լեզվաբան, 1887—1888 թվականներին Պոլսում լույս է ընծայել «Լեզու» պարբերականը։

Տիգրանյան Մկրտիչ (1815—1884), արկածախնդիր հոգևորական գործիչ, որը շարունակ ընդհարումների մեջ է ևղել ազգային ու հոգևոր վերադաս մարմինների հետ, մերկացվել է բազմիցս մամուլում, ենթարկվել է Պարոնյանի երգիծանքին ու սուր քննադատությանը։

Տյուվալ, Դյուվալ Ալեքսանդր, (1767 —1842), ֆրանսիական կատակերգակ, ակադեմիկ, պետական զինանոցի գրադարանավար։

Տրդատ (III—IV դ. մ. թ.), Խոսրով Ա-ի որդին, թագավոր հայոց, որի ժամանակ քրիստոնեությունը տարածվեց Հայաստանում։

Րոշֆոր. Հանրի (1830—1913), ֆրանսիացի հրապարակախոս, պամֆլետիստ, 1868 թվականին հրատարակել է «Լանտեռն» (ճրագ) շաբաթաթերթը, ուր սուր և անողոք քննադատություններով հանդես է եկել պետության դեմ։ Մասնակցել է Փարիզի կոմունային, աքսորվել է, փախել, կրկին բանտարկվել և ի վերջո ներման արժանանալով վերադարձել է հայրենիք, վայելելով մեծ ժողովրդականություն։