Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինձի մնա նե՝ Խասգեղ բանող 6 թիվ շոգենավով Խասգեղ երթալու ըլլաս նե՝ պզտիկ ճամբորդություն մը ըրած կըլլաս։


Ընդհանուր ժողովո վերջին նիստին մեջ լուծված խնդրոց ամենեն նշանավորը մեծագույն մաս չգոյանալն է։

Ասանկ ըլլալիքը առաջուց հայտնի էր, դռները գոց ըլլալուն՝ հարկավ մեծագույն մասը դուրս պիտի մնար։

Ընդհանուր ժողովն ալ սկսավ տակն ու վրա ըլլալ։ Առաջ կըսվեր. Ընդհանուր ժողովը 8-ին բացվեցավ 10-ին գոցվեցավ. հիմա կըսվի․ Ընդհանուր ժողովր 8-ին գոցվեցավ 10-ին բացվեցավ։

Եթե Ընդհանուր Ժողովը ֆոնտո մը ըլլար, երկու ղուրուշի տարբերությունը տակն ու վրա կըներ հրապարակը։

Այս շաբթու ալ գոց պիտի ըլլա եղեր։ Ասանկ գեղեցիկ օրերուն մեջ, ուր ամեն մարդ դուրս կելնե պտըտելու, երեսփոխանաց դռնփակ նստելը իրավ որ զարմանալի է։


— Ինչո՞ւ համար Մանզումե...ները միևնույն ծանուցումը երեք անդամ իրարու տակ դնելով կը հրատարակեր։

— Ժողովուրդին ծանուցում սորվեցնելու համար, վարժապետներն ալ անանկ կը սորվեցնեն պզտիկ տղայոց, նախ ա, բ, գ ըսել կուտան, վերջեն ալ աա, բբ, գգ ըսել կուտան, որ տղուն միտքին մեջ աղեկ տպավորվին գիրերը։


Կիրակոս աղբարը բժիշկ մէ. բժշկության արվեստն ալ ինքնիրմե սորված է։

Կիրակոս աղբարը բարի բնավորություն մունի, առաքինի է, մեկին չարիք հասուցած չունի, և ձեռքեն եկածին չափ մարդ ալ մեռցուցած է, ձեռքեն բան չխալսիր, մինչև անդամ մարդ։

Երբեմն կարդալով, երբեմն կապելով, երբեմն ալ դեղ տալով դեմը ելնողը բժշկել կը փափագի, ասկեց զատ ձրի ալ կը նայի, ձրի կը մեռցնե։

Այս օրերս հիվանդ մունի որ բնավ չքնանար, հակառակ Կիրակոս աղբարին ըրած դեղերուն։ Այս հիվանդին մայրը առջի օրը Կիրակոս աղբարին կուգա և կըսե.

— Հիվանդնիս այս գիշեր ալ չքնացավ։