Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Է՜հ, աչքդ լույս, ի՞նչ գործ է նայիմ։

— Հիմակվան գործս գործ փնտրել է։

— Է՜հ, օրդտի, գործ ըլլա տե, ինչ ըլլա նե ըլլա։


Առջի օրը հարուստ մարդուն մեկը փողոցե մը կանցներ։

Քանի մը քայլ հեռուեն հարուստին սպասավորը կերթար իր, տիրոջը ետևեն․ սպասավորին ալ ետևեն երիտասարդ մը կերթար։

Այս երիտասարդը հարուստին պարտք ունենալուն՝ անոր չտեսնվելու համար, կամաց կամաց անոր ետևեն կերթա եղեր։

Սպասավորը երիտասարդեն ճանչվոր ըլլալով հետը խոսքի կը՝ բռնվի և կը հարցնե։

— Ինչո՞ւ համար կամաց կը քալես կոր։

— Դուն ինչո՞ւ կամաց կը քալես կոր։

Առջևեն գացող մարդը տերս ըլլալով, ծառայական պարտքս վճարելու համար պարտավոր եմ ետևեն երթալու։

— Դուն պարտքդ վճարելու համար ետևեն կերթաս կոր նե ես ալ պարտքս չվճարելու համար ետևեն կերթամ կոր, պատասխանեց երիտասարդը։


— Ըսե՛ ինձի Մեղու, ամեն իրիկուն անկողինը մտած ատենս գերեզմանը միտքս կուգա, ամեն բանե կը պաղիմ, քունս կը փախչի ու կը տանջվիմ, ի՞նչ է ասոր դեղը։

— Ամեն առտու անկողինե ելած ատենդ հարությունդ միտքդ բե՛ր։

— Հապա հետևյալ առտուն չարթննամ նե։

— Ըսել է որ քունդ շփախչիր ու չես տանջվիր։


— Դեղ մը ըսե ինձի Մեղո՛ւ, ոտքերս շատ գեշ կը ցավին կոր ի՞նչ դեղ ընեմ նե կանցնի։

— Թե որ գլուխդ ցավելու ըլլար, ոտքերդ տաք ջուրի մեջ դիր պիտի ըսեի, բայց որովհետև ոտքերդ կը ցավին, գնա գլուխդ տաք ջուրի մեջ դիր։