Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչ աչքեր։

— Անմահական։

— Հապա մազերը։

— Ոսկի թելերու կը նմանի։

— Բերա՞նը։

— Վարդի կը նմանի, բայց, կըսե տիկին մը. ակռաները գեշ չեն բարեբախտաբար։


— Աղա՛, ես ալ ձեր քովը պարոն Մկրտիչին մտած օրը մտա, անոր չափ ես ալ գործ կը տեսնեմ կոր, բայց անոր ամսականը իմինես հարյուր ղուրուշ ավելի է։

— Էյ, ի՞նչ ըսել կ՝ուզես։

— Ըսել կ՝ուզեմ, որ իմ ամսականս ալ անոր ամսականին չափ ըլլա։

— Շատ աղեկ, տեղդ գնա ու գործիդ մուխայեթ եղիր, անոր ամսականեն հարյուր ղուրուշ կը պակսեցնեմ։


Անցյալները թատրոնի մը մեջ անհամ թատրերգություն մը ներկայացված միջոցին, հանդիսականը թշնամական ցույցեր ընել կսկսին։

Թատրոնին տնօրենը վար կուգա և կը հարցունե.

— Ո՞վ է այս աղմուկին պատճառը։

— Ահա սա պարոնն է, կըսե զվարճախոս մը, հեղինակին նստած օթյակը ցցունելով։


Առջի օրը կամուրջին վրա վրան գլուխը պատռած մուրացկան մը անցորդի մը քովեն չզատվելով ողորմություն կհուզեր ըսելով.

— Տասը փարա տո՜ւր, աղա, տասը փարա, առտվնե ի վեր կերած չեմ։

— Ես ալ կերած չեմ։

Անանկ է նե՝ քսան փարա տուր երկուքնիս ալ փորերնիս կշտացունենք։