Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե ժամանակը մեծ ազդեցություն ունի գրության մը վրա, կը հրավիրենք զՄիսաքյան էֆենտին, որ գարնան հրատարակե յուր գրությունը, որովհետև սույն եղանակին մեջ բնությունը գեղածիծաղ և զվարթ ըլլալուն իր գրությունն ալ զվարթ կըլլա։

Եթե նըդունինք, որ ժամանակը գրության մը տաք ըլլալուն կօգնե, ընդունելու ենք նաև, որ Միսաքյան էֆենտիին գորտամկնամարտությունը ձմեռը գրված է։

Ընթերցողներս ուշիմ ըլլալուն, պիտի հասկնան հարկավ, որ գորտամկնամարտության բառին ձմեռվան գիշերներուն նմանելու համար չըսի, թե այդ հոդվածը ձմեռը դրված է։


Վերջապես խնդալը կը սիրեմ։

Ոչ միայն Մեղուին մեջ, այլ ուր որ ալ ըլլա կը խնդամ։

Գրասենյակս ըլլամ նե՝ ցրվիչիս հետ կը խնդամ, ցրվիչս ալ կը խնդացնեմ, թշվառականին թե՛ ամսական կուտամ և թե՛ ժպիտ, ինձի պես խմբագիր մը ուր կրնա գտնալ։ Տպարան երթամ նե՝ գրաշարներուս հետ կը խնդամ, շոգենավու մեջ ըլլամ նե՝ պիլեթճիին հետ կը խնդամ. Օրագրին երթամ նե՝ Խոձասարյան էֆենտիին հետ կը խնդամ, Մանզումեին երթամ նե՝ անոր բնականեն դուրս սկզբունքին և ականջներուն վրա կը խնդամ, տնանկ աղքատ մը գա նե՝ անոր հետ ալ կը խնդամ, լումա և ծիծաղ միանգամայն կուտամ, բայց երբ քովս մարդ չըլլա ան ատեն, ինչ կրնաս ընել, կը նստիմ ինքնիրենս կը խնդամ։

Եվ աս խնդալուս համար մեկը կըսե, որ դրական մարդ չեմ հղեր, մյուսը կըսե, որ փոփոխամիտ եմ եղեր, ուրիշ մալ կըսե, թե շոշորդաբան եմ եղեր։

Ես ալ շվարեցա մնացի, չգիտեմ, թե ասոնցմե ո՞րն եմ։

Այս ածականներն ինձ տվողները իրարու հետ կը վիճաբանին, ասոնցմե յուրաքանչյուրն իր կարծիքը կուզե հառաջ քշել, մեկը ուսին դուն սխալած ես կըսե, մյուսը մեկին քու կարծիքդ սխալ է կըսե, ասկից կը հետևի, թե այսպես զիրար հերքելովնին ինձի տրված ածականները կերպով մը հետս կը կոչեն, թեև անոնց հետս կոչելուն չսպասելով ածականները ինքնիրեննուն ալ հետս կ՛երթան։

Ասոնց վրա ուրիշ ատեն երկար բարակ կը խոսիմ, օրը տարաժամ է, խոսինք և երթանք։

Մոռցա ըսելու, որ կանանց և աղջկանց երեսը բնավ չեմ խնդար․․.